Ընտրություններն ապացուցեցին, որ իշխանությունները մեծամասնության աջակցությունն ունեն. Արտակ Զաքարյան

15:59 • 13.05.13

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ 2012–ի խորհրդարանական, 2013-ի նախագահական և Երևանի ավագանու ընտրությունները, ցույց տվեցին, որ գործող իշխանությունները վայելում են հանրության ծանրակշիռ մեծամասնության աջակցությունը, ինչը նրան թույլ է տալիս ասելու, որ ակտիվ, նպատակային քայլեր իրականացնելու մեծ շանսեր կան։


«Ընտրություններից հետո ներքաղաքական աջակցության կապիտալը թույլ է տալիս ավելի նպատակային և ինքնավստահ ներքին և արտաքին քաղաքականություն վարել, որոնցից են, բնականաբար, ԼՂ գործընթացը , Ցեղասպանության հարյուրամյակին նվիրված ամենատարբեր միջոցառումները, որի թիրախն է լինելու միջազգային ճանաչմանը հասնելը և արտաքին բազմակողմ հարաբերությունների զարգացումը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։


Ինչ վերաբերում է ՀՀ ընտրական գործընթացներում դիտորդական կազմակերպությունների կողմից արձանագրված որոշակի թերություններին, ապա Արտակ Զաքարյանը նշում է, որ դա ժողովրդավարական գործընթաց է, որին հասնում են աստիճանաբար։


ՀՀԿ պատգամավորը չի կարծում, որ անտրամաբանական է, երբ նման դժգոհությունների ետնապատկերին՝ աղքատություն, արտագաղթ և այլն, գործող իշխանությունը նման վստահություն է ստանում։


«Անբացատրելի չէ, բնականաբար, մաթեմատիկական հաշվարկներով պետք է դժգոհողները իրենց ձայնը տան ընդդիմությանը, գողը՝ իշխանությանը, բայց դա այդքան էլ ճիշտ չի։ Կա մի կայուն ընտրազանգված, որ կա՛մ իշխանությանն է իր ձայնը տալիս, կա՛մ ընդդիմությանը, դա ստվար զանգվածն է։ Շատ մեծ բան է կախված այն ընտրազանգվածից, որը կողմնորոշված չէ, մարդիկ, որպես կանոն, կայացնում են ճիշտ որոշում»,- ասաց նա և նշեց, որ ընդդիմության համախմբված չլինելն էլ է նպաստում, որ ընտրողը որոշում կայացնի։


«Ընդդիմության վիճակը և, ընդհանրապես, մեր քաղաքական վիճակը մեկոտանի է, հակակշիռ չի կարողանում ձևավորել»,- ասաց նա։


Արտակ Զաքարյանի համար լավ օրինակ է «Ժառանգություն» կուսակցության դեպքը, երբ նախագահական ընտրությունների ժամանակ բարձր տոկոսներ հավաքեց, իսկ մեկ ամիս հետո ավագանու ընտրություններին վատ արդյունք ունեցավ։
«Այս երևույթները ցույց են տալիս, որ այո նույնիսկ դժգոհ մարդիկ քվեարկում են իշխանության օգտին՝ բարձրացնելով ակնկալիքների շեմը»,- նշեց նա։


Ի պատասխան հարցին, թե ինչպես է պատահում, որ նույն Երևանում Տարոն Մարգարյանը Սերժ Սարգսյանից ավելի շատ ձայն ստացավ, Արտակ Զաքարյանն ասաց, թե չէր ցանկանա համեմատել Երևանի ավագանու և ՀՀ նախագահի ընտրությունները։


Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ է ՀՀԿ–ական պատգամավորը նշում «Ժառանգության» օրինակը, Արտակ Զաքարյանն ասաց, որ թե քանակական առումով կարելի է համամետալ, իսկ գաղափարական ոչ։


«Տարբերությունն ակնհայտ է, ավելի մեծ նշանակություն ունեն նախագահական ընտրությունները, Երևանի ավագանու ընտրությունները մենք ասել ենք՝ քաղաքական ընտրություն չի, սա կենցաղային, կոմունալ ընտրություն է, որի շուրջ որոշումները կայացվում են այդ շրջագծում»,- նշեց նա։