Բելառուսն ու Հայաստանը նախատեսում են գյուղտեխնիկա արտադրող համատեղ ձեռնարկություն հիմնել

13:33 • 13.05.13

Բելառուսն ու Հայաստանը նախատեսում են գյուղատնտեսական տեխնիկա արտադրող համատեղ ձեռնարկություն հիմնել, հայտնում է Բելառուսի հեռագրային գործակալությունը՝ belta.by-ն։

 

Այդ հարցն այսօր քննարկվել է Երևանում Բելառուսի գյուղատնտեսության և սննդարդյունաբերության նախարար Լեոնիդ Զայացի և Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հանդիպման ժամանակ։


Հայկական կողմը հետաքրքրվածություն է հայտնել այնպիսի ոլորտներում համագործակցության վերաբերյալ, ինչպիսիք են՝ սերմնարտադրությունը, անասնաբուծությունը, պարարտանյութերի և թունաքիմիկատների մատակարարումը։

 

«Մենք հետաքրքրված ենք նաև բելառուսական գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերելու հարցով։ Պայմանավորվել ենք, որ այս տարի Հայաստանում կսկսենք հիմնել գյուղատնտեսական տեխնիկա արտադրող համատեղ ձեռնարկություն»,- նշել է Սերգո Կարապետյանը։

 

Իր հերթին Լեոնիդ Զայացը հաստատել է բելառուսական կողմի պատրաստակամությունն այդ ուղղություններով համագործակցության վերաբերյալ։ Բացի այդ, քննարկվել է նաև այլ ուղղություններով համատեղ ձեռնարկություններ հիմնելու հնարավորությունը, մասնավորապես՝ կարագի փաթեթավորում, Հայաստանի տարածքում բելառուսական կաթի շշալցում և վերջնական մշակում։

 

Երկկողմ հետաքրքրություն կա նաև հետագայում Հայաստանից Բելառուս պահածոների և կոնյակի արտահանման շուրջ համագործակցության վերաբերյալ։

 

Իսկ Բելառուսի արդյունաբերության նախարար Դմիտրի Կատերինիչը Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Բելառուսը հույս ունի նաև ընդլայնել խոշոր քարհան տեխնիկայի մատակարարումը Հայաստան։ 


Կատերինիչը նշել է, որ Հայաստանում հանքարդյունաբերությունը լավ զարգացած է, և «ԲելԱԶ» ընկերության տեխնիկան արդեն պահանջված է և հաջողությամբ աշխատում է Հայաստանում։ «Հույս ունեմ, որ նոր հանքավայրերի մշակման համար ընթացիկ տարվա վերջին կամ 2014-ին մենք կմատակարարենք առաջին 160-տոննայանոց «ԲելԱԶ»-ները»,- ասել է նախարարը։

 

Դմիտրի Կատերինիչը պատրաստակամություն է հայտնել նաև կազմակերպել Բելառուսում արտադրվող այլ անհրաժեշտ տեխնիկայի մատակարարումը Հայաստան։


Իր հերթին Հայաստանի էկոնոմիկայի նախարարը նույնպես հետաքրքրվածություն է հայտնել նշված համատեղ նախագծերի իրականացման և համագործակցության այլ ուղղությունների որոնման հարցում, որոնք թույլ կտան էականորեն ավելացնել երկկողմ ապրանքաշրջանառությունը։