Չինացիները հարվածային անօդաչու թռչող սարք են մշակել
Չինաստանի ռազմաօդային ուժերը համալրվել են այսպես կոչված stealth տեխնոլոգիայի հիման վրա տեղծված նոր՝ հարվածային անօդաչու թռչող սարքով (ԱԹՍ), հայտնում է Russia Today-ը՝ Global Times–ին հղումով: Այս տեխնոլոգիան նվազեցնում է սարքի հայտնաբերման հավանականությունը հակառակորդի զինտեխնիկայի և ռադիոլոկատորների կողմից:
Չինական արտադրության ԱԹՍ-ն ստացել է Sword անվանումը (անգլ. «թուր» բառից): Սարքն արդեն պատրաստ է իր առաջին թռիչքն իրականացնելու համար: Նախկինում նման սարքեր ստեղծել են ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան: Չինաստանն այս ասպարեզում արդեն չորրորդ երկիրն է աշխարհում:
Հարվածային ԱԹՍ-եր են մշակում նաև Հնդկաստանում, Իրանում, Իսրայելում, Իտալիայում, Շվեյցարիայում և Ռուսաստանում:
Sword սարքը մշակվել է եռանիվ հենասարքի «թռչող թևի» ծրագրով և աշխատում է մեկ ռեակտիվ շարժիչով: Փորձագետները նշում են, որ նման ԱԹՍ-ների մշակման հիմնական դժվարությունը ռազմական սարքի կառավարման համակարգի ստեղծումն է. սարքի կառավարումը պահանջում է կատարյալ թվային համակարգ՝ հզոր ծրագրային ապահովմամբ:










