Գլոբալ տաքացման հետևանքով կենդանիների ու բույսերի հազարավոր տեսակներ կանհետանան. գիտնականներ
Արևելյան Անգլիայի բնապահպանական գիտությունների դպրոցի գիտնականները հանգել են այն եզրակացության, որ Երկրի վրա տեղի ունեցող կլիմայական փոփոխությունների, մասնավորապես՝ գլոբալ տաքացման հետևանքով կարող են անհետանալ կենդանիների և բույսերի հազարավոր տեսակներ, գրում է Газета-ն ՝ հղում կատարելով The Irish Examiner-ին։
Դպրոցի գլխավոր մասնագետ Ռեյչել Ուորենը նշել է, որ ինչպես հազվագյուտ, այնպես էլ տարածված կենդանատեսակների ու բույսերի մի մասի անհետացումը կհանգեցնի էկոհամակարգերում լուրջ խնդիրների։ Մասնագետն ընդգծել է, որ խոսքը զանգվածային կորուստների մասին է. վտանգի տակ է գտնվում տարածված կենդանիների 1/3 մասը, իսկ բույսերի դեպքում՝ կեսից ավելին։
Ուորենը բացատրել է, որ եթե մինչև 2100 թվականը ջերմոցային գազերի արտանետման խնդիրը չլուծվի, ապա գլոբալ ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով, ինչը, հազարավոր կենդանիների և բույսերի անհետացումից բացի, ուղղակիորեն կանդրադառնա օդի որակի, խմելու ջրին հասանելիության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներին։










