Մայքլ Ջեքսոնից մինչև Մայք Թայսոն. ամերիկահայ հայտնի փաստաբան Մարկ Գիրագոսը Գլենդեյլում կներկայացնի իր նոր գիրքը

11:52 • 13.05.13

Ամերիկահայ հայտնի փաստաբան Մարկ Գիրագոսը մայիսի 15-ին Գլենդեյլի կենտրոնական գրադարանում (ԱՄՆ, Կալիֆռոնիայի նահանգ, Գլենդեյլ քաղաք) կներկայացնի վերջերս լույս տեսած իր գիրքը՝ «Սխալ դատաքննություն, ինչպես է գործում քրեական դատավարության համակարգը. հայացք ներսից»:

 

Ինչպես տեղականում ենք ամերիկյան Glendale News Press պարբերականից, գրքում հայտնի փաստաբանը ներկայացնում է ոչ միայն ամերիկյան իրավական համակարգի թերություններն ու առավելությունները, այլև մանրամասնություններ ԱՄՆ-ում վերջին տարիներին տեղի ունեցած աղմկահարույց դատավարություններից...Իսկ նման դատավարություններ Գիրագոսի աշխատանքային գործուենության ընթացքում քիչ չեն եղել… 56 ամյա փաստաբանը տարբեր ժամանակահատվածներում դատարանում ներկայացրել է փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի, ամերիկացի փոփ երգիչ Քրիս Բրաունի, բռնքամարտիկ Մայք Թայսոնի շահերը…

 

«Կարծում եմ, որ հանրաճանաչությանս «պատճառը» արդյունավետ աշխատանքն է... այն, որ ստանձնածս գործերը հաջող ելք են ունենում,-պարբերականի  հետ զրույցում ասել է Գիրագոսը և ավելացրել,-Ինձ համառ փաստաբան են անվանում:

 

Գիրագոսը խոստովանել է նաև, որ իր «ամենասիրելի հաճախորդը» եղել է փոփ-արքա Մայքլ Ջեքսոնը, որն իր մահկանացուն կնքեց 2009 թ-ին (պաշտոնական վարկածով՝ մահվան պատճառը պրոպոֆոլ կոչվող դեղամիջոցի չափաբաժնի չարաշահումն է եղել). 8 տարի առաջ ԱՄՆ-ի ամենահայտնի փաստաբաններից մեկը համարվող Գիրագոսը դատարանում պաշտպանել է մանկապղծության մեջ մեղադրվող Ջեքսոնի շահերը: «Հարյուրամյակի լավագույն երգիչ» տիտղոսին արժանացած  Ջեքսոնն այդ գործի շրջանակում արդարացվել է (նշենք, որ որ դատական գործն ավարտին է հասցրել  Կիրակոսի գործընկերը՝ Թոմ Մեսերոն, Մարկը, զբաղվածության պատճառով, դատավարության վերջին փուլում գործը նրան էր փոխանցել):

 


Գիրագոսի «սիրելի հաճախորդների» թվում են նաև Մայք Թայսոնը և Քրիս Բրաունը:

 

«Այս երկուսն իմ այն հաճախարդներն են, որոնց շահերը ես հաճույքով եմ ներկայացնում»,-պատմել է Գիրագոսը:- Նրանք շատ դժվարությունների են բախվել, բայց կարողացել են հաղթահարել դրանք ու ուժեղ մնալ»:

 


Ամերիկացի երգիչ Քրիս Բրաունի շահերը Գիրագոսը ներկայացրել է 2009 թ-ին. երգչի դեմ հայց էր ներկայացրել նրա զուգընկերուհին՝ աշխարհահռչակ ամերիկացի երգչուհի Ռիհաննան՝ նրան մեղադրելով իրեն ծեծելու մեջ. դատարանը Բրաունին 5 տարվա պայմանական ազատազրկման էր դատապարտել:

 

«Երկաթյա Մայքի» դատական գործն էլ դեռ ընթացքի մեջ է. ամերիկացի բռնցքամարտիկը 2013թ-ի փետրվարին  դատական հայց է ներկայացրել իր ֆինանսական խորհրդատուի դեմ և նրան մեղադրում էր իր «ֆինանսները ոչ ճիշտ կառավարելու և սխալ խորհուրդներ տալու մեջ»: Մայքը խորհրդատուից 5 մլն ամերիկյան դոլար փոխհատուցում է պահանջում:



Հավելենք, որ հանրահայտ փաստաբանը եղել է նաև հայտնի «օրենքով գող» Արմեն Ղազարյանի (մականունը` Պզո) դատապաշտպանը: Նյու Յորքի դաշնային դատարանը (ԱՄՆ) ամիսներ առաջ Պզոյին 37-ամսյա ազատազրկման դատապարտեց՝ ամերիկյան Medicare բժշկական ապահովագրության համակարգում զեղծարարարություններ կատարելու համար:

 

Տարիներ առաջ Գիրագոսը մեկ այլ  հայտնի փաստաբանի՝ Վարդգես Եղիայանի հետ ԱՄՆ-ում նախաձեռնել էր Հայոց ցեղասպանության զոհերի իրավահաջորդների փոխհատուցում տրամադրելու գործընթացը: Մի քանի տարի առաջ հենց վերոնշյալ հայ փաստաբանների ջանքերով ամերիկյան «Նյու Յորք լայֆ» և ֆրանսիական «Աքսա» ապահովագրական ընկերությունները պարտավորվեցին Հայոց ցեղասպանության զոհերի իրավահաջորդներին փոխհատուցում վճարել: