Տարօրինակ է, բայց ապրիլի 24-ին և մայիսի 9-ին հայկական կայքերի վրա հակերային հարձակումներ չեղան. Սամվել Մարտիրոսյան

13:06 • 13.05.13

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը տարօրինակ է համարում այն փաստը, որ այս տարի ապրիլի 24-ին և մայիսի 9-ին հայկական կայքերի վրա հակերային հարձակումներ չեղան։ «Տարօրինակ է, բայց այս տարի հակառակն էր. այդ օրերին ոչ մի հարձակում չեղավ հայկական կայքերի վրա, ավելի հանգիստ էր, քան մնացած օրերին»,- այսօր կայացած ասուլիսին ասաց նա։


Փորձագետի փոխանցմամբ՝ մայիսի 8-ին հայկական մոտ 10 կայք հարձակման ենթարկվեց։ Իսկ հայկական կիբերբանակը ապրիլի 24-ին կայքեր կոտրեց, որոնք ավելի ցուցադրական կայքեր էին։ «Մայիսի 10-ին նամակներ հրապարակվեց, դրանք այն լրագրողների նամակներն էին, որոնք աշխատում էին հայերի դեմ։ Այդ նամակները բովանդակային մեծ իմաստ ունեն և կարևոր է, որ դրանք ուսումնասիրվեն մասնագետների և լրագրողների կողմից»,- ասաց նա՝ նշելով, որ այդ տեղեկությունը vc.ananun.am կայքում տեղադրված է:


Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ այն կայքերը, որոնք զուտ Ցեղասպանության թեմայով են, այսօր բավականին պաշտպանված են։ Մյուս կողմից հավանական է, որ հակառակորդի միջոցները սպառվել են։ «Իսկապես զարմանալի է, բայց այս ոլորտում միշտ պետք է սպասել է՛լ ավելի վատ քայլերի իրենց կողմից»,- նշեց նա։


Փորձագետը նաև ասաց, որ մեզանում անձնական տվյալները լավ չեն պաշտպանվում. «Երբ ԿԸՀ-ի կայքում մեր հասցեներն են դրված, դա մեր անձնական տվյալներն են, ըստ իս՝ ավելի ճիշտ է ընտրական ցուցակները հրապարակել, քան մեր տվյալները տեղադրել կայքում։ Օրինակ՝ կանայք Facebook-ում իրենց տարիքը չեն գրում, բայց ԿԸՀ-ի կայքում այդ ամենը տեղադրված է»,- նկատեց նա։