Հոնկոնգում սեռափոխված մարդկանց թույլատրել են ամուսնանալ
Հոնկոնգի բարձրագույն վերաքննիչ դատարանը հակասահմանադրական է ճանաչել ամուսնությունների մասին գործող օրենքը և սեռը փոխած մարդկանց թույլատրել է ամուսնանալ այն անձանց հետ, որոնց հետ մինչ վիրահատությունը նույն սեռային պատկանելիությունն են ունեցել, տեղեկացնում է gazeta.ru-ն։
Նման որոշման օգտին քվեարկել է 5 դատավորներից 4-ը։
Նոր օրենքն ուժի մեջ կմտնի մեկ տարուց։ Այդ ընթացքում գործող օրենսդրության մեջ փոփոխություններ կկատարվեն, ինչպես նաև կլուծվեն նման ամուսնությունների համար իրավաբանական գործընթացների հարցերը։
Դատարանը հարցը քննարկել էր, երբ սեռը փոխած մի կին հայց էր ներկայացրել՝ բողոքելով, որ չի կարողացել ամուսնանալ, քանի որ ծննդյան վկայականում սեռը տղամարդ է նշված։ Հոնկոնգի օրենքները թույլ չեն տալիս ծննդյան վկայականում որևէ փոփոխություն իրականացնել։










