Ամերիկացին վստահեցնում է, որ բացահայտել է Coca-Cola-ի բաղադրատոմսը և պատրաստ է այն վաճառել
Ամերիկայի Ատլանտա քաղաքի Քլիֆ Կլուգե անունով մի բնակիչ վստահեցնում է, որ գտել է Coca-Cola-ի գաղտնի բանաձևի կրկնօրինակը, հայտնում է Вести-ն։ Նա այն վաճառքի է դրել Ebay առցանց աճուրդում և հույս ունի վաճառել 15 մլն դոլարով։
Կլուգեի խոսքով՝ նրանք կնոջ հետ գտել են գազավորված ըմպելիքի պատրաստման՝ 1943-ով թվագրված բաղադրատոմսը։ Իբր այդ բաղադրատոմսը եղել է հին նամակների և թղթերի արկղում. զույգը գնել է այն հնությունների շուկայում։
Coca-Cola-ի ներկայացուցիչները հերքել են բանաձևի բացահայտման փաստը՝ նշելով, որ ըմպելիքի գաղտնի հիմքի բաղադրատոմսը պահվում է «Coca-Cola-ի աշխարհը» թանգարանում, որը գտնվում է Ատլանտայում։
«Շատերն են փորձել բացահայտել գաղտնի բանաձևը, սակայն ոչ մեկին դա դեռ չի հաջողվել»,- նշվում է ընկերության հայտարարության մեջ։ Մոտ մեկուկես մետր բարձրությամբ չհրկիզվող պահարանը երբեք չի բացվում, իսկ թանգարանի այցելուներին թույլ են տալիս մոտենալ նրան մի քանի մետրից ոչ ավելի։ Կլուգեն վստահեցնում է, որ իր հայտնաբերած բաղադրատոմսը նման է չհրկիզվող պահարանում պահվող բաղադրատոմսին։
Coca-Cola-ի «գաղտնի բաղադրիչը» հորինվել է 1886-ին, Ատլանտայում, Ջոն Փեմբերթոն անունով դեղագործի կողմից և այդ ժամանակից ի վեր գաղտնի է պահվում։










