Facebook-ի սմարթֆոնը տապալված նախագիծ է` վկայում են վաճառքի ցուցանիշները

13:29 • 14.05.13

Աշխարհի խոշորագույն սոցկայք Facebook-ի և թայվանական HTC ընկերության համագործակցության արդյունքում ստեղծված HTC First հեռախոսը, որը շատ հաճախ Facebook-ի սմարթֆոն են անվանում, թողարկվելուց հետո շատ քիչ քանակով է վաճառվել։

 

Ինչպես նկատում է Вести-ն, հատուկ Facebook-ի օգտատերերի համար ստեղված սարքը, որը ներկայացվել է անցած ամիս, նույնիսկ նախքան շուկա հանվելը ոլորտի վերլուծաբանների կողմից բացասական կանխատեսումների է «արժանացել»։

 

Դրա դուրս բերումը շուկա պայմանավորված է եղել Android օպերացիոն համակարգի հիման վրա գործող Facebook Home հավելվածի ներկայացմամբ։ Սակայն արդյունքում պարզվել է, որ Facebook Home-ն, անկախ սպասվածից, շատ ազատ հավելված է, որը հնարավոր է ներբեռնել յուրաքանչյուր հեռախոսի մեջ։ Ուստի, հենց HTC First սմարթֆոնի գնումն արդեն անհրաժեշտ չի դառնում։

 

Ըստ Boy Genius Report (BGR)-ի տվյալների՝ անցած շաբաթվա ընթացքում այս հեռախոսից վաճառվել է ընդամենը 15 հազար օրինակ։ Նման ցուցանիշներ տեսնելուց հետո ամերիկյան բջջային օպերատոր AT&T-ի տնօրինությունը որոշել է հրաժարվել այս մոդելի վաճառքից։ Այժմ դեռևս չվաճառված HTC First սմարթֆոնները AT&T-ը հետ կուղարկի արտադրողին։ Հարկ է նշել, որ ապրիլի 12-ին ներկայացվելուց հետո սմարթֆոնի գինն անգամ իջեցվել է, սակայն դա էական արդյունքներ չի տվել վաճառքի ծավալներն ավելացնելու հարցում։

 

Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ո՞վ ավելի շատ վնաս կկրի այս անհաջողությունից՝ HTC-ն, Facebook-ը, թե AT&T-ն, ապա վերլուծաբանները կանգ են առնում առաջին տարբերակի վրա։ Вести-ն ընդգծում է, որ փաստորեն ժամանակին սոցկայքի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը ճիշտ հաշվարկած քայլ է արել, երբ հրաժարվել է սեփական ուժերով սմարթֆոն ստեղծելուց։
 

Facebook-ի սմարթֆոնը տապալված նախագիծ է` վկայում են վաճառքի ցուցանիշները