Փոքր ՀԷԿ-երն «ուտում են» էս երկիրն ու գետերը. բնապահպաններ (տեսանյութ)

08:25 • 14.05.13

Այս պահին Հայաստանում գործում է 139 փոքր հիդրոէլեկտրակայան, և ևս 170-ը նախատեսվում է կառուցել, ինչը բնապահպանների կարծիքով Հայաստանի նման փոքր երկրի համար ահռելի մեծ թիվ է:


«Մեր կարծիքով՝ էդ 139-ով չափն արդեն անցել ենք: Հա, գետային ռեսուրսներն օգտագործելը լավ է, բայց մյուս կողմից , եթե էդ օգտագործման հետևանքով ամբողջական գետեր ջրազրկվում են, բնականաբար, լուրջ բնապահպանական ու սոցիալական խնդիրներ են գալիս, որը մենք հիմա արդեն տեսնում ենք: Ու ինչքան շարունակվի, էնքան շատ ենք տեսնելու »,- Tert.am-ին ասաց «Համահայկական բնապահպանական ճակատի» անդամ Լևոն Գալստյանը՝ որպես օրինակ բերելով վերջին մեկ տարվա ընթացքում 6-7 համայնքներում ՀԷԿ-երի նախագծերի դեմ բողոքի ակցիաները:


Հիշեցնենք, որ հասարակական մեծ հնչեղություն ստացած առաջին դեպքը Թռչկանինն էր, իսկ ամենաթարմը՝ Լոռու մարզի Մարց գյուղինը , երբ գյուղացիները ձորն էին նետել ՀԷԿ-ի սեփականատիրոջ բերած երեք հսկայական խողովակները:
 


Ինչպես Tert.am-ի հետ զրույցում ասաց Մարցի գյուղապետ Ռոբերտ Գալստյանը՝ խողովակները դեռ ձորում են, սակայն «Մարցէներջի» ՍՊԸ-ի սեփականատերը օրերս հայտարարել է, որ պատրաստվում է խոսել գյուղացիների հետ:


Վերջիններս , ինչպես հայտնի է, դժգոհում են , որ ՀԷԿ-ի կառուցմամբ իրենց 30 հա խոտհարքները կչորանան, և անասունների համար չեն կարողանա խոտ ապահովել, իսկ ջրի բացակայության պատճառով կվտանգվեն նաև այգիները:


«Համայնքները դեմ են, որովհետև եթե մի գետի վրա արդեն կա մի ՀԷԿ, իրենք արդեն տեսել են դրա հետևանքները, և երբ փորձում են երկրորդը, երրորդը, համայնքն արդեն դիմադրում է»,-ասաց Լևոն Գալստյանը՝ նշելով, որ գետ կա, որի վրա 6-7 ՀԷԿ կա:


Պատճառն, ըստ բնապահպանի այն է, որ փոքր ՀԷԿ-երի ոլորտը պարզապես խրախուսվում է պետական մակարդակով։ Նախ փոքր ՀԷԿ-եր կառուցողներին շատ ցածր տոկոսադրույքներով վարկեր են տրամադրվում։ ՀԷԿ կառուցելը ծախսատար չէ, իսկ գետերի վրա կառուցած ՀԷԿ-երից էլեկտրացանցերը էլեկտրաէներգիան գնում են Հայաստանում ամենաթանկ գնով՝ մեկ կվ/ժամը 20 դրամով: Համեմատության համար նշենք, որ Մեծամորի ատոմակայանից՝ գնում են 8-9 դրամով, խոշոր ՀԷԿ-երից՝ 1:


Լևոն Գալստյանը նշեց, որ ի սկզբանե ջրօգտագործման թույլտվությունը այնպիսի որոշմամբ է տրվում, որ «կարելի է գետում ընդհանրապես ջուր չթողնել կամ թողնել էնքան մինիմալ ջուր, որ էդ գետը էլ չի կարելի գետ անվանել»: «Այն դեպքում, երբ գետով անցնում է վայրկյանում 50 լիտր ջուր… Մենք ունենք բազմաթիվ ֆոտոներ, վիդեոներ: Ամեն գետի համար կառավարական հատուկ որոշում կա, թողքի հաշվարկի ձև կա: Այսինքն՝ մաթեմատիկական բանաձև է, որն իր մեջ ոչ մի էկոլոգիական հիմք չունի: Նայում են՝ մոտավորապես նվազագույնը տասը օրում տվյալ գետում հոսքն ինչքան է եղել ու էդ նվազագույն թվի 90 տոկոսը թողնում են որպես էկոլոգիական թողք: Ենթադրենք, եթե տասը օր տվյալ գետում վայրկյանում 10 լիտր ջուր է անցել ու կարելի է ամբողջ տարին թողնել էդ գետից էդքան ջուր»,- մանրամասնեց բնապահպանը:


Նշենք, որ «Էկոլուր» կայքում տեղադրված տեսանյութում Կլիմայի փոփոխության ՄԱԿ-ի շրջանային կոնվենցիայի համակարգող Արամ Գաբրիելյանը թվարկում է ոչ միայն չորացած փոքր , այլև մեծ գետերի անուններ, որոնք, ըստ նրա, արդեն չկան:


«Որոտան գետ այլևս չկա, Հրազդան գետ կա՞»,- ասում է բնապահպանը:


Ստորև ներկայացնում ենք նաև բնապահպան Եղիա Ներսիսյանի համացանցում տեղադրված ռեպորտաժը, որում նա քայլ առ քայլ ցույց է տալիս, թե ինչպես Տավուշի մարզի Չիչխան գետը, որը սկզբում ունենալով լայն հուն, ճյուղավորվելով դեպի ՀԷԿ և դեպի ոռոգման նպատակներով գնացող ջրի հոսքեր, ոռոգման դեպքում հանդիպում է հզոր պատնեշի՝ կրկին հետ է վերադառնում ու նորից լցվում է դեպի ՀԷԿ , իսկ այդ հատվածից «մազապուրծ եղած ջուրը», որն արդեն նման է առվակի, մի քանի մետր հետո հանդիպում է նոր արգելքների:
 


Ըստ Լևոն Գալստյանի՝ սա ոչ միայն բնապահպանական, այլև սոցիալական խնդիր է, քանի որ շատ տեղերում այդ գետը գյուղի բնակիչների միջավայրի մի մասն է:
«Երբ դու իրեն զրկում ես այդ միջավայրից, ինքը շատ ավելի հեշտ է արտագաղթում էդ գյուղից, որովհետև ինքը կապված է էդ գետի հետ: Բայց եթե դա էլ չկա, դա դառնում է ևս մի բան, որ պոկում է իրեն իր հողից ու բնությունից»,- ասաց «Համահայկական բնապահպանական ճակատի» անդամը:


Ինչ վերաբերում է գետերի կենսաբազմազանությանը, ապա դրա մասին ըստ բնապահպանի՝ «գետերում էդքան ջուր թողնելուց հետ» խոսելն ավելորդ է:


«Ձկնային ռեսուրսներն ընդհանրապես վերանում են։ Եթե Հայաստանի համար առաջ ունեինք ձկնարդյունաբերական պաշարներ, որ մարդիկ ուղղակի ձկնորսություն անեին, էսօր մենք էդ պաշարները չունենք էդ ՀԷԿ-երի տարածքներում»,- ասաց նա:


Մոտավորապես մեկ տարի առաջ Լևոն Գալստյանը մի խումբ բնապահպանների անունից Կառավարությանն առաջարկել էր առհասարակ դադարեցնել մեր երկրում փոքր ՀԷԿ-երի շինարարությունը և վերանայել արդեն կառուցվածների գործունեության սկզբունքները, որպեսզի աշխատեն ավելի լուրջ բնապահպանական ու սոցիալական չափորոշիչներով:


«Մեզ պատասխանեցին, որ ունենք հանձնաժողով, որը դրանով զբաղվում է, և եզրակացություններ ու առաջարկներ կանի: Իսկ ձեր առաջարկը մենք քննարկելու կարիք չունենք»,- ասաց նա:


Tert.am-ի հետ զրույցում տնտեսագետ Վահագն Խաչատրյանն ասաց, որ իրականում Հայաստանը տնտեսական առումով այդքան ՀԷԿ-երի կարիք չունի:


«Էսօրվա մեր էներգետիկ հզորությունները մեզ բավարար են, դեռ մի բան էլ ավել. մենք ողջ հզորության 40 տոկոսն ենք օգտագործում: Եվ էներգետիկայի զարգացման ստրատեգիան էլ այն չէ, որ պետք է փոքր ՀԷԿ-երի վրա հիմնվի»,- ասաց Վահագն Խաչատրյանը:


Նա նաև նշեց, որ եթե նախկինում, մի հինգ տարի առաջ, նույնիսկ վատ էին պատկերացնում, թե ինչ է արևային էներգետիկան, ապա հիմա հետաքրքիր լուծումներ են գտնվել և առաջարկվում:


Միակ խնդիրն այն է, որ ի տարբերություն փոքր ՀԷԿ-երի, արևային էներգետիկան մեծ ներդրումներ է պահանջում:


Լուսանկարը՝ Ecomonitoring Armenia-ի կայքից