Գերմանիայի կլինիկաներում Արևմուտքի պատվերով փորձարկումներ են անցկացվել մարդկանց վրա

11:54 • 14.05.13

Գերմանական հեղինակավոր Der Spiegel հանդեսի լրագրողները, հիմնվելով երկրի առողջապահության նախարարի դոսյեի վրա, սկանդալային տեղեկություններ են հրապարակել ավելի քան 20 տարի առաջ Գերմանիայում մարդկանց վրա անցկացված փորձարկումների մասին, գրում է Euromag-ը։

 

Թեև ամերիկյան և բրիտանական ԶԼՄ-ները մի քանի անգամ անդրադարձել էին Գերմանիայում ընթացող մարդկային փորձարկումների թեմային, այնուհանդերձ Der Spiegel-ի լրագրողներին հաջողվել է ավելի հեռուն գնալ և պարզել, որ այդ փորձարկումներն իրականում անցկացվել են արևմտյան խոշոր դեղագործական ընկերությունների պատվերով։

 

Մեկ այլ հեղինակավոր Deutsche Welle պարբերականի տվյալներով՝ մարդկային փորձարկումների մի մասը մահացու ելք է ունեցել։ Առողջապահության նախարարի դոսյեից հայտնի է դարձել, որ նման փորձարկումները կրել են կանոնավոր ու զանգվածային բնույթ։

 

Արևմտյան դեղագործական ընկերությունները Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության գոյության տարիներին հարյուրավոր այդպիսի փորձարկումներ են պատվիրել անցկացնել երկրի կլինիկաներում։ Նախքան Բեռլինյան պատի փլուզումը, 50 հազարից ավելի մարդ, նույնիսկ առանց այդ մասին իմանալու, դարձել է քաղցկեղային և սիրտ-անոթային հիվանդությունների բուժման համար նախատեսված տարբեր տեսակի դեղամիջոցների փորձարկման օբյեկտ։

 

Լրագրողները պարզել են, որ փորձարկումների զոհ են դարձել նաև երեխաները, մասնավորապես՝ վաղաժամ ծնվածները, որոնց վրա բժիշկները փորձարկել են Էրիտրոպոետին դոպինգային միջոցը։ Բացի այդ, որոշ դեղամիջոցներ փորձարկվել են հարբեցողների վրա, ովքեր ի վիճակի չեն եղել գիտակցել, թե ինչ է իրենց հետ կատարվում։