Վրաստանն անպայման կհարթի հարաբերությունները Ռուսաստանի հետ. Իվանիշվիլի

14:09 • 14.05.13

Վրաստանն անպայման կհարթի հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ չնայած նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և նրա թիմի դիմադրությանը։ Այս մասին այսօր ասուլիսի ընթացքում հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, հայտնում է apsny.ge-ն։

 

«Ես խոստանում եմ, որ այդ հարաբերությունները կկարգավորվեն, դա Վրաստանի շահերից է բխում, և որևէ ճնշման մենք չենք արձագանքելու»,-ասել է նա։
 

Վրաստանի վարչապետը կարծում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը հնարավոր է հասնել ճիշտ ղեկավարման և դիվանագիտության շնորհիվ։

Նա նշել է, որ նախկին կառավարությունը կենտրոնացել էր ԱՄՆ-ի և Արևմուտքի վրա, և նրա համար ամենակարևորը միջազգային հանրության գնահատականն էր։
 

«Վրաստանն ինքը կորոշի իր ճակատագիրը։ Մենք ցանկանում ենք հարթել իրավիճակը Վրաստանի ներսում, քանի որ ես ցանկանում եմ արտերկրում ներկայացնել իմ՝ սեփական ոտքերի վրա կանգնած երկիրը»,-ասել է նա։

 

Վարչապետն ընդգծել է, թե խոսակցություններն այն մասին, որ նրան չեն ընդունում արտերկրում, «հիմարություններ» են։


«Ես այժմ հրաժարվել եմ Լեհաստան այցից, դրանից առաջ՝ Ռումինիայից։ Հետաձգել եմ այցս Ֆրանսիա, իսկ Գերմանիա կայցելեմ միայն այնտեղ ընտրություններից հետո։ ԱՄՆ-ում ինձ այսօր էլ են սպասում, սակայն ես ցանկանում եմ այնտեղ մեկնել, երբ ավելի շատ բան արած կլինեմ երկրի ներսում»,-ասել է նա։