Անջելինա Ջոլին վիրահատություն է տարել՝ քաղցկեղի առաջացման հավանականությունը կրճատելու համար

10:40 • 14.05.13

Հոլիվուդյան հանրահայտ դերասանուհի Անջելինա Ջոլին դիմել է բժշկական վիրահատության, մասնավորապես՝ կրծքագեղձի հեռացման (մաստեկտոմիա)՝ կրծքի և ձվարանների քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը կրճատելու նպատակով, հայտնում է BBC-ն։

 

Վեց երեխաների մայրը հեղինակավոր The New York Times պարբերականի հետ զրույցում պատմել է այն պատճառների մասին, որոնք դրդել են իրեն դիմել վիրահատական միջամտության։

 

37-ամյա աստղը նշել է, որ բժիշկների կանխատեսման համաձայն, իր մոտ եղել է կրծքի քաղցկեղ ձեռք բերելու 87% հավանականություն, ինչպես նաև ձվարանների քաղցկեղով հիվանդանալու 50% հավանականություն։

 

«Ուստի, ես որոշեցի կանխարգելիչ գործողությունների դիմել և նվազագույնի հասցնել այդ ռիսկը»,-ասել է դերասանուհին՝ հավելելով, որ գործընթացը սկսվել է այս տարվա փետրվարին և ավարտվել ապրիլի վերջին։

 

Ջոլին ասել է, որ իր մայրը մահացել է քաղցկեղից 56 տարեկանում՝ 10 տարի շարունակ այդ հիվանդության դեմ պայքարելուց հետո, և ինքը չէր ցանկանա նման ճակատագրի արժանանալ։

 

«Իրականությունն այն է, որ ես ժառանգել եմ մորիցս BRCA1 գենը, որը կտրուկ մեծացնում է կրծքի և ձվարանների քաղցկեղ ձեռք բերելու հավանականությունը»,-պատմել է դերասանուհին։ Բարեբախտաբար, այժմ կրծքի քաղցկեղով հիվանդանալու սպառնալիքը նրա մոտ 87%-ից հասել է 5%-ի։

 

Ջոլին նաև գովել է կողակցին՝ սիրված դերասան Բրեդ Փիթին՝  վիրահատական գործընթացի ժամանակ ցուցաբերած սիրո և աջակցության համար։