Տիգրան Սարգսյանն ընդունել է ՀՀ–ում իր առաքելությունն ավարտող Շվեյցարիայի դեսպանին

15:08 • 14.05.13

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Կոնստանտին Օբոլենսկիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։


Ինչպես տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը, վարչապետը բարձր է գնահատել դեսպանի աշխատանքը՝ հայ-շվեյցարական հարաբերությունների զարգացման գործում:


«Այս տարիների ընթացքում ստեղծվել է լավ հիմք՝ երկկողմ հարաբերությունների ընդլայնման և խորացման համար: Մեզ համար օրինակելի է Շվեյցարիայի փորձը տարբեր ոլորտների զարգացման ուղղությամբ, ուստի մեծապես կարևորում ենք երկկողմ փոխգործակցության ամրապնդումը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:


Զրուցակիցները կարևորել են Սյունիքի մարզում իրականացվող գյուղական համայնքների և անասնապահության զարգացման ծրագրերը, որոնց նպատակը ֆերմերային տնտեսություններին աջակցելն է:


Դեսպանը տեղեկացրել է, որ Շվեյցարիայի կառավարությունն այս ծրագրի իրականացման նպատակով 2013 թվականին հատկացրել է 8 մլն դոլար՝ նախորդ տարվա 4 մլն-ի փոխարեն:


Կոնստանտին Օբոլենսկին կարևորել է հատկապես երկկողմ տնտեսական կապերի սերտացումը և հույս հայտնել, որ նորաստեղծ հայ-շվեյցարական առևտրային պալատն իր գործունեությամբ նոր թափ կհաղորդի երկու պետությունների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը:


Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ Հայաստանում տարբեր ծրագրեր իրականացնելու համար և մաղթել նրան նորանոր հաջողություններ: