ԲՀԿ-ն չի կարող լինել ընդդիմություն. Գագիկ Ծառուկյան (լուսանկարներ, տեսանյութ)

15:28 • 14.05.13

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի կարող լինել ընդդիմություն: Այսօր Աբովյանում կառուցված Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողության մեկնարկի ժամանակ, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց այդ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, ում միջոցներով է կառուցված եկեղեցին:


«Երեք-չորս ընդդիմադիր կուսակցություններ կան և հինգ-վեցը պետք չեն: Ես քաղաքականություն չեմ մտել քծնելու, այլ ժողովրդի համար աշխատելու համար»,- բացատրել է Գագիկ Ծառուկյանը՝ նշելով, որ կողմնակից է նրան, «ինչն օգուտ և ձեռնտու է ժողովրդին»:


Ամբիոնից ելույթ ունենալով՝ Գագիկ Ծառուկյանն ասաց, որ նորակառույց եկեղեցին պետք է դառնա հանդուրժողականության խորհրդանիշ:


Հիշեցնենք, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն ապրիլի 22-ին Facebook-ի իր էջում գրառում էր կատարել, որում անդրադարձել էր Հայաստանում առկա քաղաքական մենաշնորհներին և նշել, թե ԲՀԿ–ն պետք է ԱԺ սեպտեմբերյան նստաշրջանում փոխի իր քաղաքական կարգավիճակը և իրեն ընդդիմություն հռչակի։


«Այսօր, հաշվի առնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը և առաջիկա տարիներին սպասվող ներքաղաքական հնարավոր զարգացումները և հատկապես այն, որ ԲՀԿ-ն առանց ինքն իրեն ընդդիմադիր հռչակելու՝ այդպիսի դերակատարում է ստանձնել, ես կարծում եմ (սա իմ անձնական տեսակետն է), որ «Բարգավաճ Հայաստանը» խորհրդարանի սեպտեմբերյան նստաշրջանի սկզբում պետք է փոխի իր քաղաքական կարգավիճակը և իրեն հռչակի ընդդիմադիր կուսակցություն»,– գրել էր նա:


Հիշեցնենք, որ այսօր Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողությանը հրավիրված է ողջ քաղաքական վերնախավը՝ ՀՀ երեք նախագահների գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսն ու արտասահմանյան հյուրեր՝ այդ թվում և այս օրերին պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ալեքսանդր Լուկաշենկոն:


Մեր թղթակցի տեղեկացմամբ՝ եկեղեցու շուրջ հավաքված է 20 հազարի չափ մարդ: Հայաստանի և Բելառուսի Հանրապետության նախագահներ Սերժ Սարգսյանի և Ալեքսանդր Լուկաշենկոյի ժամանման պահին, «ՀՀԿ-ական տատիկը» տեղից գոռաց՝ «կեցցե ապահով Հայաստանը», ինչը ակնհայտորեն դուր եկավ Սերժ Սարգսյանին, ով ժպտաց այս խոսքերի վրա:


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ավելի վաղ էր ժամանել:  Եկեղեցու օծմանը ներկա են նաև Սամվել և Կարեն Կարապետյանները:

 «Հայ ազգային կոնգրեսից» ներկա են խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ու ղեկավար Լևոն Զուրաբյանը: