Վարդան Սեդրակյանի գործով առաջին դատական նիստը դեռ չսկսված հետաձգվեց

13:10 • 14.05.13

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի գլխավորությամբ սկսվել է ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի գործով առաջին դատական նիստը դեռևս չսկսված հետաձգվեց:


Հիշեցնենք, որ 2013թ. հունվարի 31-ի կեսգիշերին մոտ Տպագրիչների փողոցում Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունների քարոզարշավի ժամանակ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձ էր իրականացվել: Մահափորձը իրականացնելու մեջ մեղադրվում են Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը, իսկ որպես պատվիրատու կասկածվում է Վարդան Սեդրակյանը:


Հիշեցնենք, որ գործով մեղադրվող Վարդան Սեդրակյանը կալանավորվել է մարտի 5-ին` «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպելու վերաբերյալ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործի առնչությամբ (ՀՀ Քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածի հատկանիշներով՝ նախատեսված հանցագործություն կատարելը)։


Նշենք, որ ապրիլի 16-ին, ՀՀ ԱԱԾ քննչական վարչության կողմից Վարդան Սեդրակյանին առաջադրվել էր նոր մեղադրանք՝ Քրեական օրենսգրքի 34-38-305 հոդվածներով: ՀՀ ՔՕ 34-րդ հոդվածով սահմանվում է հանցափորձը (հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով), 38-ով՝ հանցակիցների տեսակները և 305-ով՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանությունը։


Այսօրվա նիստին կողմերը դեմ չեղան դատական այս փուլը շարունակել առանց Պարույր Հայրիկյանի ներկայության, սակայն Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը նշեց, որ հետագայում նրա մասնակցությունը դատական գործընթացին պարտադիր է:


Նշենք, որ ներկայումս Պարույր Հայրիկյանը բուժման նպատակով գտնվում է արտերկրում:
Այնուհետև Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կատարելու մեջ մեղադրվողներից Խաչատուր Պողոսյանը հրաժարվեց իր պաշտպան Գայանե Գալոյանից և դատարանին խնդրեց իրեն տրամադրել հանրային պաշտպան:
Նա նշեց, որ ինքը մասնավոր պաշտպան ունենալու ֆրինանսական հնարավորություն չունի:
Այդ առիթով դատավոր Գագիկ Պողոսյանը կարգադրեց Խաչատուր Պողոսյանին փաստաբանների պալատից որևէ պաշտպան նշանակել:
Դատական նիստը հետաձգվեց և հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 20-ին ժամը 12-ին:


Նշենք, որ Վարդան Սեդրակյանը դատարան մտնելուն պես շղթայված ձեռքերը պարզեց վերև և ողջունեց դատարանում գտնվող բոլոր ներկաներին: Մինչ նիստը սկսելը նա ժպիտը դեմքին պարբերաբար ձեռքով ողջունում էր իր հարազատներին:


Նշենք նաև, որ մինչ դատական նիստը սկսելը դատարանի շենքի առջև մեծ աղմուկ էր բարձրացել: Դատարանի դահլիճում ազատ տեղերի բացակայության պատճառով գործով մեղադրվողների մի շարք հարազատների թույլ չտվեցին մտնել դատարան: