ԱՄՆ Վերմոնտ նահանգի օրենսդիրներն ընդունել են էվթանազիայի մասին օրենքը

10:31 • 14.05.13

ԱՄՆ Վերմոնտ նահանգի օրենսդիրները հաստատել են էվթանազիայի մասին օրինագիծը, տեղեկացնում է Lenta.ru-ն՝ Associated Press-ին հղումով։

 

Օրինագծի օգտին քվեարկել է նահանգի Ներկայացուցիչների պալատի 75 անդամ։


Ակնկալվում է, որ մոտ ապագայում էվթանազիայի մասին օրենքը կստորագրի նաև Վերմոնտի նահանգապետ Փիթեր Շամլինը, ով ավելի վաղ մի քանի անգամ կողմ էր արտահայտվել այդ օրենսդրական նախաձեռնությանը։

 

Նահանգապետի ստորագրությունից հետո, Վերմոնտը կդառնա ԱՄՆ չորրորդ նահանգը, որտեղ էվթանազիան թույլատրվում է։

 

Առաջին նահանգը, որը 1997թ.-ին ընդունել է էվթանազիայի մասին օրենքը, Օրեգոն նահանգն է։ Ավելի ուշ նրան միացել էին նաև Վաշինգտոնը և Մոնտանան։


Վերմոնտում ընդունված օրենքը հիմնված է հենց Օրեգոնի մոդելի հաստատման վրա, որը նախատեսում է պետական խիստ վերահսկողություն էվթանազիայի գործընթացի բոլոր փուլերի վրա։

 

«Օրեգոնի մոդելը» մասնավորապես ամրագրում է, որ մահացու հիվանդը երեք անգամ պետք է հաստատի կյանքից կամավոր հեռանալու իր որոշումը, այդ թվում՝ գրավոր։

 

Բացի այդ, պահանջվում է, որպեսզի երկու բժիշկ հաստատեն, որ էվթանազիայի ենթարկվելու ցանկություն ունեցող մարդուն մնացել է ապրելու կես տարուց էլ քիչ, ինչպես նաև, որ կյանքից հեռանալ ցանկացող մարդը ողջամիտ է։