Հնդկաստանում ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել՝ զուգարան գնացած օդաչուի պատճառով

16:22 • 15.05.13

Հնդկական Air India ավիաընկերության` Նյու Դելիից Բանգալոր թռչող ինքնաթիռի հրամանատարը գնացել է զուգարան, սակայն դռան փակվելու պատճառով չի կարողացել վերադառնալ օդաչուի խցիկ։ Ինչպես տեղեկացնում է Взгялд-ը, ինքնաթիռն այդ պատճառով հարկադիր վայրէջք է կատարել։

 

Ուղևորների շրջանում խուճապ է սկսվել, երբ տեսել են, թե ինչպես է ինքնաթիռի հրամանատարն ապարդյուն փորձում բացել օդաչուի խցիկի դուռը։

 

Երկրորդ օդաչուն ևս չի կարողացել ներսից բացել դուռը։ Air India-ն միջադեպից հետո հայտարարել է, որ ինքնաթիռը տեղ է հասել մոտ 3 ժամ ուշացումով։ Արտակարգ վայրէջքի պահին հատուկ ուշադրություն է հատկացվել ուղևորների անվտանգությանը։

 

Ի դեպ, սա այս ամսվա սկզբից արդեն երկրորդ միջադեպն է հնդկական ավիաընկերության ինքնաթիռում։ Մայիսի 4-ին մեկ այլ թռիչքի ընթացքում 11 հազար մետր բարձրության վրա առաջին սպա Ռավինդրա Նատը հաղորդել էր, որ նրան անհրաժեշտ է զուգարան գնալ, և դուրս էր եկել օդաչուի խցիկից ու որոշել էր քնել ինքնաթիռի բիզնես դասի համար նախատեսված սրահում։
 

Ավիաընկերության փաստաթղթերի համաձայն՝ առնվազն մեկ օդաչու պետք է գտնվի օդաչուի խցիկում՝ վերահսկելու համար։ Սակայն կարճ ժամանակ անց նաև նավի հրամանատարն էր որոշել միանալ գործընկերոջը։


Մինչ այդ,  նա կանչել էր երկու բորտուղեկցորդուհիների և մի քանի րոպեում նրանց սովորեցրել կառավարել ինքնաթիռը։


Սակայն հրամանատարը կարողացել էր քնել ընդամենը 40 րոպե։ Դրանից հետո նրան արթնացրել էին, քանի որ պարզվել էր, որ բորտուղեկցորդուհին սխալմամբ անջատել է ինքնաթիռի ինքնակառավարման համակարգը՝ 166 ուղևորների կյանքը վտանգելով։

 

Միջադեպի մասին պատմել էր անձնակազմի 4-րդ անդամը։ Հնդկաստանի քաղաքացիական ավիացիան հաստատել էր միջադեպն ու անձնակազմի անդամներին հեռացրել աշխատանքից՝ անվտանգության կանոնները խախտելու համար։