ԱՄՆ Արևելյան թեմը Ջորջ Բուշ-կրտսերի եղբայր Ջեբ Բուշին «Հայերի բարեկամ է» հռչակել

12:40 • 15.05.13

Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմը Ֆլորիդայի նախկին նահանգապետ (1999-2007թթ.), Ջորջ Բուշ-կրտսերի (ԱՄՆ-ի նախագահը՝ 2001-2009թթ.) եղբայր, Ջորջ Բուշ-ավագի (ԱՄՆ-ի նախագահ՝ 1988-1993թթ.) որդի Ջեբ Բուշին հայ ժողովրդին և ամերիկահայ համայնքին ցուցաբերած աջակցության համար «Հայերի բարեկամ» է հռչակել:

 

Ինչպես հաղորդում է ԱՄՆ-ում հրատարակվող Armenian Weekly պարբերականը, Ֆլորիդայի նահանգի Բոքա Ռաթոն քաղաքում անցկացված թեմական տարեկան համագումարի ժամանակ «Հայերի բարեկամ-2013» հավաստագիրը հանձնվել է   Հայ օգնության հիմնադրամի (ԱՄՆ) Տնօրենների խորհրդի անդամ Մարթա Բաթմասյանին՝ Ջեբ Բուշին փոխանցելու համար:


Պարբերականը հիշեցնում է, որ 1988թ-ի դեկտեմբերին, Սպիտակի երկրաշարժից օրեր անց Ջեբ Բուշն իր 12-ամյա որդու՝ Ջորջի հետ այցելել է Հայաստան՝ իր հետ մարդասիրական օգնություն բերելով:

 

«Գրեթե յուրաքանչյուր շինություն հիմնահատակ ավերված էր, մարդիկ փողոցներով քայլում էին քաղցած ու առանց տաք հագուստի»,-հայրենիք վերադառնալով՝ ամերիկյան լրատվամիջոցներին իր տպավորություններ է պատմել նորընտիր նախագահի որդին:-Հիվանդանոցում գտնվող վիրավոր երեխաների տեսարանը ողջ կյանքի ընթացքում կմնա հիշողությանս մեջ»:

 

«Արցունքն աչքերին նորընտիր նախագահ Ջորջ Բուշի տղան սնունդ ու նվեր էր բաժանում, որպեսզի Ծննդյան տոնին ինչ-որ կերպ ուրախացնի երկրաշարժից տուժած հայ երեխաներին»,-1989թ-ին գրել էին ամերիկյան պարբերականները:

 


  Ավելի ուշ՝ 2006թ-ին, նահանգապետ եղած ժամանակ Ջեբ Բուշը ապրիլի 24-ը Ֆլորիդայում հռչակել էր «Հայ նահատակների օր»: «1915-1923 թթ-ին 1,5 մլն հայ է ցեղասպանության զոհ դարձել»,- պաշտոնական հաղորդագրությունում նշել էր Ջեբը և ավելացրել,- Այս ոճրագործության ճանաչումը ոչ միայն մարդկանց կտեղեկացնի ցեղասպանության մասին, այլև կօգնի կանխել հետագա ցեղասպանությունները»:


Բոքա Ռաթոնում անցկացված տարեկան համագումարի ժամանակ ԱՄՆ Արևելյան թեմի ներկայացուցիչները նշել են, որ Ջեբ Բուշը «Հայերի բարեկամ» ճանաչվել է «1988թ-ի երկրաշարժի ժամանակ հայաստանցի ժողովրդի կողքին կանգնելու, կարեկից վերաբերմունքի և հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերի համար»: