ԶԼՄ-ների տեղեկություններով՝ «Հեզբոլլահը» կարող է հարձակում գործել Իսրայելի վրա՝ Իրանի ցուցումներով

21:34 • 15.05.13

Իրանը սիրիական իշխանություններին համոզել է «Հեզբոլլահ» շարժման գրոհայիններին տրամադրել իրենց տարածքները Գոլանի բարձունքների վրա հարձակում գործելու համար, որոնք գտնվում են Իսրայելի վերահսկողության ներքո, գրում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով «Գաարեցին», որն այս տեղեկությունները ստացել է «Ալ-Հայյաթ» թերթից:


Ըստ այդ տեղեկությունների, Թեհրանը Դամասկոսին առաջարկել է լիբանանյան շիաներին տրամադրել ոչ միայն Գոլանի բարձունքներ տանող ճանապարհ, այլ նաև օգնել զենքով և նյութատեխնիկական սպասարկմամբ: Բացի այդ նախատեսվում է, որ Սիրիական իշխանությունները չպետք է խոչընդոտեն այլ երկրների մուսուլմաններին, որոնք կցանկանան գալ Սիրիա, որպեսզի միանան Իսրայելի դեմ ջիհադին:


Այսկերպ Իրանը փորձում է Արևմուտքին և համաշխարհային հասարակությանը հասկացնել, որ ոչ մի դեպքում թույլ չի տա, որպեսզի Բաշար Ասադի վարչակարգը անկում ապրի և դրա համար պատրաստ է ցանկացած քայլի: