Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել ԱՄՆ դեսպանին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը բողոք է հայտնել երկրում ԱՄՆ դեսպան Մայքլ Մակֆոլին՝ Կենտրոնական հետախուզական վարչության գործակալի կողմից ռուսական հատուկ ծառայություններից մեկի աշխատակցին հավաքագրելու փորձի հետ կապված, հայտնում է Газета-ն։
Մակֆոլն այսօր ԱԳՆ է կանչվել, ինչը պայմանավորված է լրտեսության կասկածանքով ամերիկյան դիվանագիտական առաքելության անդամներից մեկի ձերբակալմամբ։ Դեսպանը հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ ԱԳՆ-ում տեղի ունեցած հանդիպման մասին։
Ձերբակալված ամերիկացին հայտարարվել է «ոչ ցանկալի անձ» և պարտավոր է լքել ՌԴ սահմանները հնարավորինս կարճ ժամանակահատվածում։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ լրտեսության կասկածանքով ձերբակալված ամերիկացի Ռայան Ֆոգլը ռուսական հատուկ ծառայությունների աշխատակցին առաջարկել է համագործակցության դիմաց տարեկան 1 մլն դոլար։










