ԱՄՆ-ն առաջին անգամ անօդաչու թռչող սարք է արձակել ավիակիր հածանավից (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ-ն առաջին անգամ անօդաչու թռչող սարք է արձակել ավիակիր հածանավից, հայտնում է Russia Today գործակալությունը:
Х-47В-ը համարվում է առաջինը և իր տեսակի մեջ եզակի ԱԹՍ-ն, որը մեկնարկ է վերցնում ավիակիր նավի հարթակից: Սարքը մշակել են Northrop Grumman ընկերության մասնագետները: Այն երկու գործառույթ է կատարում՝ հետախուզություն և օդային թիրախների խոցում: Նախօրեին «Ջորջ Բուշ» ավիակիր հածանավից Х-47В-ը հաջողությամբ արձակվել է:
Ապարատը կշռում է մոտ 6 տոննա, իսկ թևերի բացվածքը կազմում է 19 մետր: Սարքի թռիչքի առավելագույն բարձրությունը 12 կմ է, իսկ գործողության շառավիղը՝ 4 հազ. կմ:
Այս ԱԹՍ-ն ԱՄՆ-ին արժեցել է 1,4 մլրդ. դոլար, իսկ մշակման աշխատանքները տևել են 4 տարի: ԱՄՆ կառավարությունը Northrop Grumman ընկերության հետ պայմանագիր էր ստորագրել 2007թ., ԱԹՍ-ի առաջին թռիչքն իրականացվել էր 2011թ.: Այս տարի Х-47В-ին ևս մեկ փորձություն է սպասվում. այն պետք է արդեն վայրէջք կատարի բաց օվկիանոսում ընթացքի մեջ գտնվող ավիակրի վրա:










