Sony-ն շահել է Angry Birds լիամետրաժ մուլտֆիլմի տարածման իրավունքը
Sony Pictures Entertainment ընկերությունը շահել է Angry Birds համակարգչային խաղի մոտիվներով նկարահանվելիք լիամետրաժ ֆիլմի տարածման իրավունքը։ Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ ֆիլմը 3D ձևաչափով է լինելու։
Angry Birds ֆիլմի պրոդյուսերն ու ֆինանսավորողը լինելու է Rovio ընկերությունը, որն ստեղծել է խաղը, իսկ Sony-ն կզբաղվի դրա տարածմամբ։ Ֆիլմը կթողարկվի 2016թ.-ի հուլիսի 1-ին։
Աշխատանքները կմեկնարկեն առաջիկա ամիսների ընթացքում։
Reuters գործակալությունը նշում է, որ 3D ֆիլմի անիմացիոն տարբերակը կպատրաստի Sony Pictures Animation-ը։
2013թ.-ի մարտին Rovio-ն սկսել է հեռուստատեսային մուլտսերիալի ցուցադրությունը, որը նկարահանվում է Angry Birds-ի մոտիվներով։ Նախատեսվում է ցուցադրել 52 սերիա։ Այն արդեն ցուցադրվում է աշխարհի 12 երկրներում։
Angry Birds խաղը ստեղծվել է 2009թ.-ին, բջջային սարքերի համար։ Այս պահին այն համարվում է աշխարհում ամենահայտնի վճարովի հավելվածը. այն ներբեռնել են ավելի քան 1.7 մլրդ անգամ։










