Նոր S դասի Mercedes-Benz-ն ինքն է դուրս գալիս ավտոկայանատեղից և կենդանիներին տարբերում է մարդկանցից (լուսանկարներ)

17:14 • 16.05.13

Նոր S դասի Mercedes-Benz-ն էլեկտրոնային «օգնականների» մի ամբողջ համալիր է ստացել, որը միավորված է մի ընդհանուր համակարգի մեջ։ Mercedes ընկերությունում այն անվանում են Intelligent Drive և հպարտանում ոչ միայն նրա հնարավորություններով, այլև այն տեխնոլոգիական լուծումներով, որոնց վրա հիմնված են դրանք, գրում է vesti.ru-ն։

 

Ճանապարհային մի քանի իրավիճակներում նոր S-դասի գրեթե ինքնուրույն գործողությունների համար մշակվել է ռադարների, տեսախցիկների և սենսորների ամբողջական համակարգ։ Մասնավորապես՝ նոր մեքենայում առաջին անգամ կիրառվել է այսպես կոչված` «բազմաթիրախ ստերեոտեսախցիկը»։

 

Այն տեղակայված է մեքենայի դիմապակու վրա՝ հայելու մոտ, և ընդունակ է մեքենայի «ուղեղին» փոխանցել ճանապարհի վիճակի մասին տեղեկատվությունը։

 

Նոր Cross-Traffic Assist համակարգը կոչված է նվազեցնելու ծանր ավտովթարների հավանականությունը և առհասարակ, կանխել դրանք։ Համակարգը կարող է հետևել տրանսպորտային միջոցին կամ հետիոտնին և արգելակել անհրաժեշտության դեպքում։

 

Փոփոխված համակարգը սովորել է կանխել ծայրահեղ իրավիճակները. այն ընդունակ է, օրինակ, հրաժարվել վարորդի գործողությունները կատարելուց, եթե նա մտադրվել է վտանգավոր վազանց կատարել։

 

Իհարկե, այս ամենը հնարավոր չէր լինի պատկերացնել առանց ինքնուրույն կայանելու ունակության, ինչը հնարավորություն է տալիս ոչ միայն ավտոմատ կայանել մեքենան համապատասխան վայրում, այլև դուրս գալ կայանված վայրից՝ անհրաժեշտության դեպքում։
 

S դասի Mercedes-Benz-ի վերջին նորարարություններից է համարվում հալոգեն լամպերից հրաժարվելը։ Սեդանը կարող է լիարժեք համալրվել լուսադիոդային լուսավորությամբ։


Գիշերային տեսանելիության համակարգն այսուհետ հնարավորություն կունենա 160 մետր հեռավորության վրա տեսնել ոչ միայն անցորդներին, այլև կենդանիներին։


Հետաքրքիր է, որ համակարգը տարբերում է նրանց և եթե հետիոտներին նա կարող է զգուշացնել լուսարձակները թարթելով, ապա կենդանիների դեպքում դա չի անի. նրանց արձագանքը լույսին անկանխատեսելի է։
 

Նոր S դասի Mercedes-Benz-ն ինքն է դուրս գալիս ավտոկայանատեղից և կենդանիներին տարբերում է մարդկանցից (լուսանկարներ)