Վաճառքի է հանվել Twitter-ի հիմնադիրներից մեկի հետ ընթրիքը
Հարուստ մարդկանց թիվը ժամանակակից աշխարհում արագորեն աճում է։ Զուգահեռաբար ավելանում է նաև այն մարդկանց թիվը, ովքեր ցանկանում են նրանցից շատ բան սովորել։ Գործարարներն օգտվում են դրանից՝ հնարավորություն ընձեռելով երկրպագուներին իրենց հետ շփվել գումարի դիմաց, գրում է rbc.ru-ն։
Սակայն հարուստները դա անում են ոչ թե շահադիտական նկատառումներով, այլ բարի նպատակներով։
Հերթական նման գործարարը Ջեք Դորսին է՝ Twitter-ի ստեղծողներից մեկը, ինչպես նաև Square ընկերության հիմնադիրն ու գլխավոր տնօրենը, որը զբաղվում է բջջային վճարումներով։
Վաճառքի է հանվել նրա հետ ընթրիքը. այն պետք է ավարտվի մայիսի 16-ին։ Կընտրվեն 7 երջանիկներ, ովքեր կարող են Սան Ֆրանցիսկոյում ընթրիքի շուրջ զրուցել Դորսիի հետ։
Նման առցանց վաճառքներով զբաղվող Kompolt աճուրդի տունը նախնական ընտրություն է կատարել։ Աճուրդին թույլատրվել է մասնակցել միայն նրանց, ովքեր անցել են գործարար գիտելիքների և որակավորման ստուգումներ։ Հայտնի է նաև, որ վաճառքի նախնական գինը 5 հազ. դոլար է։
Վաճառքից ստացված եկամուտները կհատկացվեն բարեգործական նպատակներով. գումարը կստանա Build.Org նախագիծը, որի նպատակն ամերիկացի երեխաների համար դպրոցական կրթության գրավչության մեծացումն է և նրանց համոզելը չթողնել ուսումը։










