ՄԱԿ-ը Սիրիայի հարցով նոր բանաձև է ընդունել. սիրիացի ժողովրդի օրինական ներկայացուցիչ են ճանաչվել ընդդիմադիր ուժերը

00:53 • 16.05.13

ՄԱԿ-ի Գերագույն Ասամբլեան այսօր բանաձև է ընդունել, համաձայն որի՝ Սիրիայի ընդդիմադիր ուժերը կընդունվեն որպես երկրի ժողովրդի «օրինական ներկայացուցիչներ», այս մասին հաղորդում է Reuters-ը:


Որոշումը բազմաթիվ վեճերի պատճառ է հանդիսացել, սակայն 178 երկրներից միայն 12-ն են դեմ քվեարկել:


Ավելի վաղ Ռուսաստանը ՄԱԿ-ի անդամ 193 երկրների նամակներ էր ուղարկել, որոնցում կոչ էր արվում հրաժարվել պաշտպանել «միակողմանի» բանաձևը, որի ընդունումը կարող է Սիրիայում հակամարտության կարգավորման գործում հետընթաց քայլ լինել:


Ըստ ԶԼՄ-ների տվյալների, փաստաթղթում գերակշռում է երկրի իշխանությունների նկատմամբ քննադատություն, իսկ ընդդիմությունը հիմնականում քննադատվում է անուղղակիորեն:


Որոշման մեջ նշվում է, որ սիրիական իշխանությունները շարունակում են ծանր սպառազինություն կիրառել, բնակավայրերի ուղղությամբ օգտագործում են բալիստիկ հրթիռներ և պարբերաբար ռմբակոծություններ են իրականացնում տանկերի և օդուժի միջոցով:

 

Ռուսաստանի ներկայացուցիչն իր ելույթում բանաձևի ընդունումն անպատասխանատու քայլ է որակել:  


Սիրիական հակամարտությունը սկսվել է 2011 թվականի մարտին: Ըստ ՄԱԿ-ի տվյալների, այս ընթացքում զոհվել է ավելի քան 70.000 մարդ: