Volvo ընկերությունը պատրաստվում է նորույթ ներկայացնել (տեսանյութ)
Volvo ընկերությունը թողարկել է մի քանի հոլովակ, որոնցում ակնարկում է ինչ-որ համաշխարհային պրեմիերայի մասին, որը պետք է կայանա մոտ օրերս։ Սակայն ի՞նչ են պատրաստվում ներկայացնել աշխարհին սկանդինավցիները, դեռևս հայտնի չէ։ Պարզ է, որ ընկերությունում չեն ցանկանում մեկնաբանել իրավիճակը, չեն շտապում, գրում է auto.vesti.ru-ն։
Դատելով հոլովակների մի քանի կադրերից և ընկերության կարգախոսից՝ «Թո´ղ աշխարհը ետևում» (Leave the World Behind)` խոսքը, հնարավոր է, նոր սերնդի ամենագնացի երկար սպասված պրեմիերայի մասին է։
Ներկայիս Volvo XC90-ը թողարկվում է արդեն 10 տարի, այդ պատճառով նրա թարմացումը լիովին կարող է դիտարկվել արտադրողների կողմից որպես առաջնային։ Նախկինում հաղորդվում էր, որ նոր XC90-ը կդառնա առաջին սերիական մոդելը, որի հիմքում կլինի շվեդների կողմից մշակված նոր մոդուլային հարթակը։ Այն այժմ հայտնի է SPA-Scalable Product Architecture անվանումով։
Բացի այդ, ամենագնացը պետք է ունենա VEA նոր սերնդի շարժիչներ։ Նոր սերիան ներկայացվել է ընդամենը մի քանի օր առաջ, ինչն անուղղակի կերպով հաստատում է նոր XC90-ի սպասվելիք պրեմիերան։










