Էլեկտրական լարումը նպաստում է թվաբանական ունակությունների զարգացմանը. հետազոտություն
Բրիտանացիները հետազոտություններ են կատարել, որոնց արդյունքում ապացուցվել է, որ ուղեղում թեթև էլեկտրական լարումը նպաստում է մարդու հաշվողական ունակությունների զարգացմանը: Գիտական աշխատանքի արդյունքները հրապարակվել են Current biology ամսագրում, գրում է Russia Today-ը:
Հոգեբանները պարզել են, որ էլեկտրական հոսանքի անվնաս չափաբաժինը 27 տոկոսով մեծացնում է մաթեմատիկական խնդիրների լուծման արագությունը: Օքֆորդի գիտնականները հաստատել են, որ ուսանողների մոտ թվաբանական ունակությունները զգալիորեն արագանում են թեթև էլեկտրական թեապիայի 5-օրյա կուրսից հետո:
Մասնագետների կարծիքով այս մեթոդը ապագայում թույլ կտա զարգացնել մաթեմատիկայի հետ կապված խնդիրներ ունեցող ուսանողների ընդունակությունները:
Գիտնականների կատարած փորձին մասնակցել է 51 կամավոր, որոնցից 25-ը ենթարկվել են իրական շոկային թերապիայի, իսկ մնացած 26-ի դեպքում կիրառվել է ներշնչման մեթոդը, երբ փորձի կեսից անջատել են նրանց գլխին միացված սարքերը: Արդյունքում պարզվել է, որ առաջին խմբի մասնակիցները սկսել են թվաբանական հաշվարկներ անել 27 տոկոսով ավելի արագ, ինչն ապացուցում է թեթև էլեկտրական լարման նպաստավոր ազդեցությունը ուղեղի աշխատանքի վրա:










