Եվրոպայում 19 ամսվա ընթացքում առաջին անգամ նոր մեքենաների վաճառքի աճ է արձանագրվել

13:10 • 17.05.13

Եվրոպական Միության անդամ 27 երկրներում ապրիլին 2011 թվականի սեպտեմբերից ի վեր առաջին անգամ գրանցվել է նոր մեքենաների վաճառքի աճ, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով Ավտոարտադրողների եվրոպական միությանը (ACEA): Աճը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ կազմել է 1,7%՝ մինչև 1,04 մլն մեքենա։

 

Հունվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում գրանցվել է 4,03 մլն նոր մեքենա։ Սա 7,1%-ով քիչ է մեկ տարի առաջվա նույնատիպ ցուցանիշից։

 

Ավտոմեքենաների իրացման առավել բարձր տեմպ է արձանագրվել Հունաստանում (+20,9%), Մեծ Բրիտանիայում (+14,8%), Իսպանիայում (+10,8%) և Գերմանիայում (+3,8%)։ Իսկ հունվարից ապրիլ ժամանակահատվածում վաճառքի ծավալների ավելացում արձանագրվել է միայն Մեծ Բրիտանիայում (+8,9%)։

 

Եվրոպայի ամենախոշոր ավտոշուկան նախորդ ամիս եղել է Գերմանիան, որտեղ վաճառվել է 284 444 մեքենա։ Երկրորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 163 357 ցուցանիշով։ Երրորդ տեղում է Ֆրանսիան՝ 157 749 մեքենայով։

 


Ավտոարտադրողների շրջանում առաջատարը նախկինի պես Volkswagen-ն է։
 

Եվրոպայում 19 ամսվա ընթացքում առաջին անգամ նոր մեքենաների վաճառքի աճ է արձանագրվել