Սուրճը նպաստում է խումարի թուլացմանը, բայց միայն տղամարդկանց մոտ. հետազոտություն
Ֆինլանդացի գիտնականների վերջին հետազոտություններն ապացուցել են, որ սուրճն առավոտյան թարմացնող ըմպելիք լինելուց բացի կարող է նաև նպաստել խումարի թուլացմանն ու բարելավել ինքնազգացողությունը, գրում է Russia Today-ը:
Գիտնականները փաստում են, որ սուրճը կարող է թուլացնել ալկոհոլի վնասակար ազդեցությունը օրգանիզմում: Բանն այն է, որ թունդ խմիչքների օգտագործումը հանգեցնում է լյարդի ֆերմենտի՝ գամմա-գլուտամիլտրանսֆերազի մակարդակի բարձրացմանը, իսկ սուրճը թույլ է տալիս իջեցնել այդ ֆերմենտի մակարդակը արյան մեջ:
Գիտնականները հարցում են անցկացրել 25-74 տարեկան շուրջ 19 հազար ֆինլանդացի կանանց և տղամարդկանց շրջանում: Հարցման մասնակիցները հայտնել են, թե որքան են իրենք ոգելից խմիչք և սուրճ օտգագործում, ինչից հետո փորձագետները չափել են լյարդի ֆերմենտի մակարդակը, մասնակիցների արյան մեջ:
Արդյունքները ցույց են տվել, որ ալկոհոլ օգտագործող և օրական հինգ և ավելի բաժակ սուրճ ընդունող մասնակիցների մոտ ֆերմենտի մակարդակը 50 տոկոսով ավելի ցածր է, քան նրանց մոտ, ովքեր սուրճ չեն օգտագործում:
Փորձագետները նշում են նաև, որ սուրճ օգտագործող կանանց մոտ չի նկատվել էական կապ սուրճի ընդունման և արյան մեջ լյարդի ֆերմենտի պարունակության միջև:










