Գիտնականները ուսումնասիրել են հիշողության կազմավորման գործընթացը ձկան թափանցիկ ուղեղում

23:48 • 18.05.13

Ճապոնացի նյարդակենսաբաններն ուսումնասիրել են երկարատև հիշողության կազմավորման գործընթացը դանիո-րերիո ձկան թափանցիկ ուղեղում: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Neuron պարբերականում, գրում է Lenta.ru-ն:


Կենդանի ձկների ուղեղի էլեկտրական ակտիվությունն ուսումնասիրելը հնարավոր է դարձել հատուկ լուսային սպիտակուցների շնորհիվ, որոնք լուսավորվում են, երբ կապ են հաստատում կալցիումի իոնների հետ, որոնք հայտնվում են բջիջներում նեյրոնի ակտիվացման ժամանակ: Այդ լուսային սպիտակուցների գեները նախապես ներարկել են ձկան ԴՆԹ-ում:

Հետազոտության ընթացքում ոչ մեծ էլեկտրական լարման շնորհիվ ձկներին սովորեցրել են խուսափել ակվարիումի այն հատվածից, որտեղ կապույտ լույս է վառվում:


Փորձը
սկսելուց 30 րոպե անց գիտնականները հիշողության նեյրոնների ակտիվություն են նկատել ուղեղի տեսողական մակերեսում: 24 ժամ հետո նեյրոնների ակտիվություն է գրանցվել նաև ուղեղի առաջնամասում: Կապույտ լույսի միանալուն պես ձկան ուղեղում սկզբում ակտիվացել են տեսողական մակերեսի նեյրոնները, իսկ կես վայրկյան անց՝ նաև ուղեղի առաջնամասի նեյրոնները:


Երբ գիտնականները վիրահատական միջամտությամբ հեռացրել են ուղեղի առաջնամասի այն հատվածը, որտեղ հիշողության նեյրոններն ակտիվանում էին, ձկները կորցրել են երկարատև հիշողության ունակությունը: Նրանք կարող էին դարձյալ խուսափել կապույտ լույսից էլեկտրական լարում ստանալուց անմիջապես հետո, սակայն 24 ժամ անց ձկները մոռանում էին իրենց սովորածը:
 

 

Գիտնականները ուսումնասիրել են հիշողության կազմավորման գործընթացը ձկան թափանցիկ ուղեղում