Google Glass-ը մտահոգվելու առիթ է տվել ամերիկացի կոնգրեսականներին
ԱՄՆ-ի Կոնգրեսի մի շարք անդամներ նամակ են հղել Google ընկերության ղեկավար Լարի Փեյջին, որում պահանջել են մանրամասնել, թե ինչպես է ընկերությունը պատրաստվում պաշտպանել շարքային ամերիկացիների անձնական կյանքը հեղափոխական Google Glass ակնոցների կիրառման դեպքում։ Այս մասին տեղեկացնում է Взгляд-ը։
Կոնգրեսականները, մասնավորապես, ցանկանում են իմանալ, ինչ է Google-ը մտադիր անել շարքային ամերիկացի օգտատերերի անձնական կյանքը պաշտպանելու համար։ Բացի այդ, նրանց հետաքրքրում է, թե ինչպես են մարդիկ նախազգուշացվելու, որ մոտակայքում գտնվող Google Glass-ը միացված է և նկարահանում է իրենց։
Փեյջը պարտավոր է պատասխանել նամակում շարադրված հարցերին հունիսի 14-ից ոչ ուշ։
Հիշեցնենք, որ մի շարք սրճարանների, կինոթատրոնների և գիշերային ակումբների տնօրեններ, հաճախորդների անձնական կյանքի անվտանգության նկատառումներով, արգելել են ֆուտուրիստիկ ակնոցները կրել իրենց հաստատություններում։










