2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ կփորձարկվեն անվտանգության նոր ռոբոտներ

01:27 • 20.05.13

Նույնիսկ ֆուտբոլից հեռու մարդիկ գիտեն, որ ֆուտբոլային ամենահեղինակավոր հանդիպումների ժամանակ ահաբեկչական հարձակումների, ինչպես նաև զանազան անկարգությունների մշտական վտանգ կա: Մարզադաշտի տրիբունաներում երկրպագուները կարող են իսկական պատերազմի վերածել ֆուտբոլային մթնոլորտը: Գրանցվել են նաև մահվան դեպքեր:


Առաջիկայում սպասվող Աշխարհի 2014 թվականի առաջնության ժամանակ նախատեսվում են գործածության մտցնել նոր ռոբոտ-հսկիչներ, հաղորդում է Discovery News-ը:


PackBot կոչվող ռոբոտներն առաջին անգամ կփորձարկվեն Կոնֆեդերացիայի Գավաթի ժամանակ, որը տեղի է ունենալու սույն թվականի հունիսի 15-ից 30-ը:


Յուրաքանչյուր ռոբոտի տեսախցիկ իր մեջ պարունակում է հեռուն ֆիքսող ազդանշանային մեխանիզմ, որը կարողանում է նկատել կասկածելի օբյեկտները և դրա շուրջը կատարվող սպառնալից իրադարձությունները:


Ռոբոտներից յուրաքանչյուրի գինը հատում է մինչև 100 հազար դոլարի սահմանը: Աշխարհի 2014 թվականի առաջնությունը սպասարկող երկիրը՝ Բրազիլիան, պատրաստվում է 900 մլն եվրո ներդնել անցկացվող խաղերում անվտանգության բարձր մակարդակի ապահովման համար:


Բացի այդ, ՖԻՖԱ-ն պատրաստվում է լրացուցիչ օդային անվտանգության սարքեր տրամադրել Բրազիլիային՝ Կոնֆեդերացիայի Գավաթի խաղարկության համար:
 

2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ կփորձարկվեն անվտանգության նոր ռոբոտներ