Նոր կորոնավիրուսը Սաուդյան Արաբիայից ներթափանցել է Աֆրիկա. կա մեկ զոհ
Թունիսում մեկ մարդ է մահացել նորահայտ կորոնավիրուսից (NCoV), որն Աֆրիկայում գրանցված առաջին դեպքն է, հայտնում է BBC-ն:
Թունիսի Առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ 66-ամյա տղամարդու առողջական վիճակը վատացել է այն բանից հետո, երբ նա այցելել է Սաուդյան Արաբիա, որտեղ տարածված է տվյալ վիրուսը: Սաուդյան Արաբիայից վերադառնալուց հետո նա սկսել է բողոքել շնչառությունից և մահացել է հիվանդանոցում:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների՝ 2012-ից ի վեր ողջ աշխարհում այս վիրուսով վարակվելու 41 և մահվան 20 դեպք է գրանցվել:
ԱՀԿ-ից տեղեկացնում են, որ NcoV վիրուսը նման է Sars (Severe Acute Respiratory Syndrome) վիրուսին, որի համաճարակից 2003-ին 770 մարդ էր մահացել:
Կազմակերպությունից հայտնում են, որ վիրուսը կարող է անցնել մարդուց մարդուն: Մահացած թունիսցու երկու երեխաները նույնպես վարակվել են վիրուսով, սակայն նրանց հաջողվել է բուժել, հայտնել է երկրի Առողջապահության նախարարությունը:










