Երևի, տղերքը մոռացել են, որ քննադատելուց բացի այլընտրանքային ծրագիր պետք է առաջարկեն. Է.Շարմազանով

13:14 • 22.05.13

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այսօր՝ Կառավարության ծրագրի քննարկմանը, արտահերթ խոսքի իրավունք խնդրեց և խոսեց այս օրերին «Հայաստանի թիվ մեկ քաղաքական ամբիոնից հնչող բազմաթիվ և բազմաժանր քննադատություններին»։


«Լսեցինք, թե՛ առողջ քննադատություն, թե՛ քաղաքական շուլուխներ, ինչպես մեր գործընկերն ասաց, քննադատություն, որը կապ չուներ մեր իրականության հետ, նաև որոնք լցված էին միայն ու միայն չարությամբ։ Կարգն այդպես է, ընդդիմությունը քննադատում է, իշխանությունը ներկայացնում իր արածն ու չարածը»,- ասաց նա։


Էդուարդ Շարմազանովը նշեց, որ չլսեց՝ իր խոսքով կարևոր բան։ «Ես չլսեցի կարևոր բան՝ այլընտրանքային ծրագիր։ Քննադատելու հետ մեկտեղ այլընտրանքային ծրագիր պետք է ներկայացնել, դա, երևի, տղերքը մոռացել են»,- ասաց նա։


ԱԺ փոխխոսնակը նշեց, թե իրենք չեն վախենում առողջ և սուր քննադատությունից»։ «Եվ Տիգրան Սարգսյանի Կառավարությունը տարբերվում է նրանով, որ ունի լսելու ունակություններ»,- ասաց նա։

ԱԺ փոխնախագահը զարմանում է, թե ինչպես են շատերը խոսում վստահությունից, երբ նրանցից ոմանք մինչև ժամը 1-ն այլ բան են ասում, երեքից հետո՝ այլ բան, 6-ից հետո՝ բոլորովին այլ բան։

«Բարոյական դասեր եք տալիս, փոխանակ նայեք ձեր հետագծին։ Խոսում եք իշխանության որակից, իսկ ով է խոսելու ընդդիմության որակից»,- հարցրեց նա։


Էդուարդ Շարմազանովը խոսեց Տիգրան Սարգսյանի ծրագրի մասին։ «Այո՛, այդ Կառավարությունն ունեցել է բազմաթիվ սխալներ, բայց այդ Կառավարությունը ֆինանսատնտեսական ճգնաժամը հոր տնից չի բերել»,- ասաց նա և նշեց, թե հենց այդ Կառավարությանն է հաջողվել սոցիալական ծրագրերը չկրճատել, մարզերում առողջապահական և կրթական ծրագրեր կյանքի կոչել, թեև չնչին, բայց «տատիկ պապիկների» թոշակները բարձրացնել և ըստ նրա, ամենակարևորը խոսքի ազատության նման մակարդակ ապահովել։

«Այս կառավարությունն ունի բոլոր հնարավորությունները, որպեսզի կյանքի կոչի այն ծրագրերը, որոնք նախանշված են այս ծրագրում»,-ասաց նա և խորհուրդ տվեց լինել լավատես։


«Ինչպես ասում են, լավատեսը յուրաքանչյուր դժվարության մեջ տեսնում է հնարավորություն, իսկ հոռետեսը յուրաքանչյուր հնարավորության մեջ` դժվարություն:
Լինենք լավատես, դա է միակ ճիշտ ճանապարհը»,- երեկվա իր ելույթի վերջաբանը կրկնեց նա: