Eminem-ը դատի է տվել Facebook-ին իր երգն ապօրինի օգտագործելու համար
Eight Mile Style ընկերությունը, որին է պատկանում ամերիկացի հայտնի ռեփ կատարող Eminem-ի երգերի իրավունքը, դատական հայց է ներկայացրել Facebook սոցիալական ցանցի դեմ՝ մեղադրելով գովազդներից մեկում երգչի երգերից մեկի անօրինական օգտագործման համար: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ Detroit Free Press-ին հղումով:
ԱՄՆ Միչիգան նահանգի Դետրոյթի դատարան ներկայացված հայտում նշվում է, որ ապրիլին համացանցում ցուցադրված 30 վայրկյան տևողությամբ գովազդում Facebook-ն օգտագործել է Under the Influence երգի մեղեդին, որի համար համաձայնություն չէր տրվել:
Դատական հայտ է ներկայացվել նաև Wieden+Kennedy գովազդային ընկերության դեմ, որը ստեղծել էր գովազդային տեսահոլովակը: Facebook սոցցանցի մամլո քարտուղար Էնդրյու Նոյեսը և գովազդային գործակալության ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություն տալուց:
Eight Mile Style ընկերությունը առաջին անգամ չէ, որ մեղադրում է առաջատար տեխնոլոգիական ընկերություններին երգչի երգերն օգտագործելու համար: 2005-ին նմանատիպ հայց ներկայացվել էր Apple ընկերության դեմ, որն օգտագործել էր Lose Yourself երգը iPod նվագարկիչների գովազդում:










