Հայաստանը հետ է ուղարկել Իրանից ներկրվող 20 տոննա մսոսկրային ալյուրի բեռը
Իրանից ներկրվող 20420 կգ կշռով մսոսկրային ալյուրի բեռն ուղեկցող փաստաթղթերի բացակայության պատճառով Ագարակի սահմանային հսկիչ կետում ձևակերպվել է բեռի տնօրինման արգելման կարգադրագիր: Բեռը հետ է ուղարկվել, քանի որ կատարվել է բեռի զննում, նմուշառում, և լաբորատոր փորձաքննության արդյունքում փորձանմուշները ճանաչվել են օգտագործման համար վտանգավոր, այս մասին տեղեկացնում է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:
Tert.am-ի հետ զրույցում ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ բաժնի ղեկավար Ռոզա Ավագյանն ասաց, որ մսոսկրային ալյուրը կենդանիների համար նախատեսված անասնակեր է, որը վտանգավոր կարող է լինել տնային կենդանիների համար:
Այս տարվա ընթացքում իրականացված սահմանային վերահսկողության արդյունքները ծառայության կայքում դեռ տեղադրված չեն:
Ներկայացվում ենք 2012 թվականի ընթացքում սահմանային պետական վերահսկողության ժամանակ արձանագրված Հայաստան ներմուծված կամ Հայաստանից արտահանված սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների, ինչպես նաև կենդանական ծագում ունեցող հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների և կերային հավելումների, բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների վերաբերյալ ներքոնշյալ տեղեկատվությունը:
2012 թվականի ընթացքում Հայաստան ներմուծվել է 133.248.781,20 կգ սննդամթերք և կենդանական ծագման մթերք. ձևակերպվել է 6.239 հատ ձևաթուղթ:
2012 թվականի ընթացքում Հայաստան ներմուծվել են 897.204.060,50 կգ բույսեր և բուսական ծագման մթերք. ձևակերպվել է 5.231 հատ ձևաթուղթ:
2012 թվականի ընթացքում Հայաստան արտահանվել են 5,394,373.90 կգ բույսեր և բուսական ծագման մթերք. ձևակերպվել է 2.981հատ ձևաթուղթ:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից սահմանային պետական վերահսկողության ժամանակ 2012 թվականին բեռների զննման արդյունքում արձանագրվել է խախտման 14 դեպք, և բեռների ներմուծումը չի թույլատրվել:










