Իրաքում վերջին ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 29-ի

01:06 • 22.05.13

Իրաքում ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 29-ի, իսկ մոտ 100 մարդ ստացել է վնասվածքներ, հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով France Presse գործակալությանը, որը այս տեղեկությունները ստացել է տեղական իշխանություններից:


Սալահ-էդ-Դին նահանգի Տուզ-Հուրմատու քաղաքում, որի բնակչությունը հիմնականում շիա է, գրոհայինները պայթեցրել են 2 ականապատ մեքենա: Ահաբեկչության զոհ են դարձել 3 խաղաղ բնակիչ, իսկ 44-ը ստացել էին տարբեր աստիճանի վնասվածքներ: Կիրկուկ քաղաքում ճանապարհին տեղադրված պայթուցիկ սարքերի պայթյունների պատճառով զոհվել է 2 մարդ, իսկ ևս 25-ը վիրավորվել են:


Բաղդադից արևմուտք գտնվող Աբու-Գարիբ քաղաքում հնչած պայթյունը խլել է 5 մարդու կյանք, իսկ մոտ 20-ը վիրավորվել են: Բաակուբա քաղաքում անհայտ մարդիկ սպանել էին 2 սունիների, իսկ քաղաքի շուկայում գործել է 2 պայթուցիկ սարք, ինչի հետևանքով զոհվել է 3 մարդ, իսկ 7-ը ստացել են վնասվածքներ:


Բաղդադից հյուսիս գտնվող Տարմիա քաղաքում պայթյունների և գրոհայինների հետ բախումների հետևանքով զոհվել է 3 զինծառայող, իսկ 7-ը վիրավորվել են: Բաղդադի արևմտյան արվարձանում գտնվող սունիական մզկիթում պայթյուն է հնչել, ինչի արդյունքում զոհվել է 11 մարդ:


Երկուշաբթի օրը երկրի վարչապետ Նուրի ալ-Մալիկին հայտարարել էր, որ իրաքյան հատուկ ծառայություններում կիրականացվեն կադրային փոփոխություններ, որոնք կվերաբերեն նաև ղեկավարությանը: