Վրաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն Իվանիշվիլիին մեղադրել է հակառակորդներին հետապնդելու համար
Վրաստանի կառավարության ղեկավար Բիձինա Իվանիշվիլին զբաղված է քաղաքական հակառակորդներին հետապնդելով։ Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, այս մասին հայտարարել է Վրաստանի Ազգային անվտագության խորհրդի գլխավոր քարտուղար Գիգա Բոկերիան՝ մեկնաբանելով Վրաստանի նախկին վարչապետ, նախկին ներքին գործերի նախարար, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլիի ձերբակալությունը։
«Փոխանակ վարչապետն ու կառավարությունը սևեռվեն հանցագործներին պատժելու և քաոսը կանխելու վրա, որը մենք տեսանք (մայիսի 17-ին Թբիլիսիում), տնտեսության, նոր աշխատատեղեր ստեղծելու վրա, նրանց հիմնական գործունեությունը դարձել է ընդդիմության առաջնորդներին հետապնդելն ու ձերբակալելը։ Դա վտանգավոր է Վրաստանի համար»,- հայտարարել է Բոկերիան ԱՄՆ կատարած այցի ընթացքում։
Հիշեցնենք, որ Վանո Մերաբիշվիլին ձերբակալվել է երեկ, Կախեթիի նահանգապետի հետ։ Նրանք մեղադրվում են կոռուպցիոն գործունեության, ծառայողական պարտականությունները չարաշահելու, պետական միջոցները մսխելու և այլ մեղադրանքներով։
Ի դեպ, նախկին ներքին գործերի նախարարի տանից խոշոր գումար է առգրավվել։










