Վրաստանը կանգնած է ավտորիտար ռեժիմի վերածվելու շեմին. Սաակաշվիլի
Եթե դատարանը բավարարի Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի գործով երկրի գլխավոր դատախազության միջնորդությունը, ապա դա երկրին ամբողջովին նոր իրականության կբերի։ Այդ մասին ասված է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարության մեջ։
«Մենք պետք է հասկանանք, որ եթե դատարանը բավարարի Վանո Մերաբիշվիլիին և Զուրաբ Չիաբերաշվիլիին (Կախեթիի նահանգապետը) կալանքի տակ առնելու վերաբերյալ դատախազության միջնորդագիրը, այդ իրավական ակտը երկրին նոր իրականության առաջ կկանգնեցնի»,-ասված է հայտարարության մեջ։
Նա հիշեցրել է, որ անցյալ տարվա հոկտեմբերին տեղի է ունեցել խաղաղ իշխանափոխություն։ «Մենք լիարժեք, հաջող ժողովրդավարություն ունենալու պատմական հնարավորություն ունեցանք։ Այժմ վտանգ կա, որ այս շրջանը կվերափոխվի ավտորիտար ռեժիմի։ Դա, անկասկած, երկիրը մի քանի տարով հետ կտանի՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական հարցերում»,-ասել է Սաակաշվիլին։
Վրաստանի նախագահը դիմել է կառավարությանը՝ կոչ անելով «լավ մտածել նման քայլերի հետևանքների մասին և հայրենիքը հարվածի տակ չդնել։
Հիշեցնենք, որ երեկ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար, նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի և Կախեթիի նահանգապետ Զուրաբ Չիաբերաշվիլիի նկատմամբ պաշտոնական մեղադրանք է առաջադրվել՝ կոռուպցիոն գործունեության համար։










