ԱՄՆ Սենատի հանձնաժողովը հաստատել է Սիրիա զենք մատակարարելու օրինագիծը

13:16 • 22.05.13

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատել է օրինագիծը, որով ամերիկացիներին թույլատրվում է զենք տրամադրել սիրիացի ապստամբներին։ Հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Մենենդեսը հայտարարել է, որ Սիրիայում դեպքերն ազդում են ԱՄՆ ազգային շահերի վրա։

 

Ինչպես տեղեկացնում է Russia Today-ը, որոշման ընդունմանը կողմ է քվեարկել հանձնաժողովի 15 անդամ, իսկ դեմ՝ ընդամենը երեքը։
 

Սենատորներն իրենց որոշումը պատճառաբանել են սիրիական ընդդիմությանն անհապաղ օգնություն տրամադրելու անհրաժեշտությամբ։

 

«Վտանգված է ԱՄՆ ազգային շահը, և մենք չենք կարող դրան հեռվից հետևել»,-հայտարարել է հանձնաժողովի նախագահ և օրինագծի հեղինակ Ռոբերտ Մենենդեսը։
 

Այն նախատեսում է սիրիացի զինյալներին զենք մատակարարելու արգելքի վերացում։

 

Օրինագծի հեղինակներն ընդգծում են, որ զենք պետք է տրամադրվի միայն այն զինյալներին, ովքեր կիսում են ամերիկյան արժեքները և չեն ձգտում Սիրիայում շարիաթի օրենքներ հաստատել։

 

Հանձնաժողովի հաստատումից հետո օրինագիծը կքննարկվի ԱՄՆ Սենատում, ապա կդրվի Բարաք Օբամայի հաստատմանը։

 

Սենատորների այդ քայլը պայմանավորված է Սիրիայում իրավիճակի կտրուկ փոփոխմամբ։ Մայիսի կեսերին կառավարական զորքերն սկսել են զանգվածային հարձակում երկրի արևմուտքում գտնվող Ալ-Կուսեյր բնակավայրի վրա, որն ապստամբների հիմնական հենակետն է համարվում։
 

Լիբանանյան The Daily Star-ը հաղորդում է, որ իսլամիստները հայտնվել են երկու կրակի արանքում. նրանց դեմ կռվում են ոչ միայն զինվորները, այլև «Հըզբոլլահ» շարժման շիա մարտիկները, ովքեր հարվածներ են հասցնում Լիբանանի սահմանից։