Pussy Riot-ի անդամի պայմանական ազատ արձակման դիմումը մերժվել է
ՌԴ Բերեզնյակի քաղաքի դատարանը մերժել է պայմանական ազատ արձակել Pussy Riot խմբի անդամ Մարիա Ալյոխինային, տեղեկացնում է gazeta.ru-ն։
Աղջկա պաշտպանները մտադիր են բողոքարկել վճիռը։
Դատական նիստի ընթացքում կոնֆլիկտային իրավիճակ է եղել, քանի որ դատարանը պետական փաստաբան է նշանակել Ալյոխինայի փաստաբանի փոխարեն, որին, ի նշան բողոքի, աղջիկն արգելել էր մասնակցել դատական նիստին։
Սակայն դատարանի կողմից նշանակված փաստաբան Եվգենի Բարդինը հրաժարվել է պաշտպանել Ալյոխինային՝ հակառակ նրա կամքին։ Դատախազը ևս դատարանին խնդրել է չստիպել փաստաբանին։ Սակայն դատավորը պնդել է, որ Բարդինը մասնակցի նիստին։
Փաստաբան Բարդինը ներողություն է խնդրել նիստին մասնակցելու համար, սակայն վճռի հրապարակմանը, այնուհանդերձ, ներկա չի եղել։
Նախօրեին Մարիա Ալյոխինան հացադուլ էր հայտարարել և իր փաստաբաններից պահանջել էր չմասնակցել դատական նիստին։
Նա ազատազրկվել է 2 տարով՝ Փրկչի տաճարում խուլիգանություն անելու համար։










