Ռուսաստանը որևէ լրացուցիչ արժեք չի տեսնում հակամшրտության կարգավորման բանակցություններում եվրոպացիների մասնակցությունից. Պեսկով
Եվրոպացիները շեշտում են Աբու Դաբիում հակամարտության կարգավորմանն ուղղված քառակողմ ձևաչափի կարևորությունը, սակայն Ռուսաստանը դեռևս որևէ լրացուցիչ արժեք չի տեսել նրանց մասնակցությունից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Կան տարբեր տեսակետներ: Գիտեք, եվրոպացիները պնդում են, որ սա լինի քառակողմ ձևաչափ: Մենք դեռևս լիովին չենք հասկանում, թե ինչ լրացուցիչ արժեք կարող է բերել եվրոպական մասնակցությունը, ինչ լրացուցիչ ներդրում կարող է ունենալ խաղաղ կարգավորման գործընթացում», - Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:
Կրեմլի խոսնակը նաև նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահ Սի Ծինփինին կամ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Շենժենում որևէ փաստաթուղթ չի փոխանցել, որը պարունակում է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման կամ անվտանգության երաշխիքների առաջարկներ։
«Այս անգամ՝ ոչ», - նշել է նա։
Պեսկովը հավելել է, որ Պուտինն արդեն Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հետ կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները։
Խոսնակը նաև նշել է, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը դեռևս որոշված չէ։
«Հասկանալի է, որ այս բանակցությունները պետք է շարունակվեն», - հավելել է նա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները նոյեմբերի 10-11-ին Աբու Դաբիում Մոսկվայի և Կիևի թիմերի հետ բանակցություններ են վարել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ։














