Քաղաքացին զինամթերք է թողել Երևանի մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանի հարևանությամբ

11:30 • 23.05.13

«Նելեգալ-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության մետրոպոլիտենի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 22-ին, ժամը 14.30-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ ինքը զինամթերք ունի և թողնում է մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի Սևանի փողոց տանող հարակից գետնանցման վերջում տեղադրված աղբարկղում:

Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության՝ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա էր 2 նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, 7,62 մմ տրամաչափի` 12 և 5,45 մմ տրամաչափի 167 փամփուշտ ու ինքնաձիգի 2 պահունակ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: