«Կենտրոն» ՔԿՀ-ն, DIY ակումբը, Եհովայի վկաները, ադրբեջանական ֆիլմերի փառատոնը՝ Amnesty International-ի տարեկան զեկույցում

18:04 • 23.05.13

Amnesty International (AI) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը (կենտրոնակայանը՝ Լոնդոն, Մեծ Բրիտանիա) մայիսի 23-ին հրապարակել է աշխարհում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ իր տարեկան՝ 2013թ-ի զեկույցը, որում առանձին անդրադարձ կա նաև Հայաստանին: Ինչպես տեղեկանում ենք կազմակերպության պաշտոնական կայքից, մեր երկրին վերաբերող հատվածը բաղկացած է ներածական հատվածից և «Խոսքի ազատությունը», «Կրոնական համոզմունքների պատճառով զինվորական ծառայությունից հրաժարվածները» և «Խոշտանգումները և այլ դաժան վերաբերմունքի դրսևորումները» բաժիններից:

 


Զեկույցի՝ Հայաստանին վերաբերող հատվածը թարգմանաբար ներկայացնում ենք ամբողջությամբ.

 



Ներածություն


Մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարավ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած կուսակցությունը: Թեև նախընտրական և հետընտրական շրջանում ընդհանուր առմամբ երաշախավորվել են հավաքների, խոսքի և տեղաշարժվելու ազատության իրավունքները, այդուհանդերձ դիտորդներն արձանագրել են ընրակաշառքի և ընտրողների վրա ճնշում գործադրելու դեպքեր:

 


Խոսքի ազատությունը

 

Հաշվետու ժամանակահատվածում խոսքի ազատության իրավունքն ընդհանուր առմամբ չի սահմանափակվել, այդուհանդերձ,սեփական կարծիքն արտահայտողներն ընկալվել են որպես «ոչ հայրենասերներ» և «հակաազգայնականներ» և արժանացել են հանրային թշնամանքի, երբեմն էլ՝բռնության: Նրանց դեմ հարձակումներին ժամանակ առ ժամանակ մասնակից են եղել ոստիկաններն ու տեղական իշխանությունները: Վերջիններս նաև չեն կարողացել պատշաճ կերպով հետաքննել կամ հրապարակայնորեն և միանշանակ կերպով դատապարտել նման գործողությունները:

 

Հաշվետու ժամանակահատվածում քաղաքացիական հասարակության ակտիվիստները Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնելու փորձ կատարեցին, սակայն հարձակումների ենթարկվեցին և ստիպված եղան երկու անգամ չեղյալ հայտարարել այդ միջոցառումը: Ապրիլի 12-ին Հայաստանի երկրորդ քաղաքում՝ Գյումրիում, տասնյակ ցուցարարներ շրջափակեցին փառատոնի անցկացման վայրը: Նրանք հարձակվեցին «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի» ղեկավար և փառատոնի կազմակերպիչ Գեորգի Վանյանի վրա և ստիպեցին հրապարակայնորեն հայտարարել, որ փառատոնը չի կայանալու:

 

Փառատոնի կազմակերպիչները հայտնել են, որ տեղական իշխանություններն իրենց սպառնացել, իրենց վրա հոգեբանական ճնշում են գործադրել՝ ստիպելով հրաժարվել միջոցառումներն անցկացնելու գաղափարից:

 

Կինոփառատոնն ապրիլի 16-ին, Վանաձոր քաղաքի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի գրասենյակում անցկացնելու փորձը ևս հանրային բողոքի և բռնությունների տեղիք տվեց. մոտ 200 մարդ, այդ թվում՝ ուսանողներ, կուսակցությունների ներկայացուցիչներ և Արցախյան պատերազմի ազատամարտիկներ, հավաքվել էին գրասենյակի մոտ, ապա ուժի կիրառմամբ գրասենյակի տարածք մտել, վնասել գույքը, ձվեր և քարեր նետել (շենքի վրա), աշխատակիցներից մեկին վնասվածք հասցրել: Ոստիկանները ներկա են եղել այդ ամենին, սակայն քայլեր չեն ձեռնարկել գրասենյակի աշխատակիցների անվտանգությունն ապահովելու կամ բռնությունները կասեցնելու համար: Գրասենյակի ներկայացուցիչները խնդրել են ոտիկանական լրացուցիչ ուժեր ուղարկել, մինչև միջադեպի ավարտը, սակայն, լրացուցիչ ուժերը չեն ժամանել: Նախաքննության արդյունքում մի կին է տուգանվել շենքի վրա քար նետելու համար, սակայն անաչառ և ամբողջական քննություն այդպես էլ չի կատարվել: Իշխանությունները դատապարտող հայտարարություններով հանդես չեն եկել:

 

Մայիսի 8-ին, մայրաքաղաք Երևանում միասեռականների համար նախատեսված ակումբի վրա (նկատի ունի DIY-ը-Tert.am) հարձակում տեղի ունեցավ: Տեսախցիկներն արձանագրել էին, թե երկու երիտասարդներ ինչպես են պատուհաններից դյուրավառ շշեր նետում ակումբի տարածք: Ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել 12 ժամ անց միայն: Երկու երիտասարդ քաղաքացիներ նախաքննության ընթացքում ձերբակալվել են, սակայն կարճ ժամանակ անց, ՀՅԴ կուսակցության 2 պատգամավորների վճարած գրավի դիմաց ազատ են արձակվել: Պատգամավորներն արդարացրել են հարձակումը՝ ասելով, թե նրանց արարքը «սոցիալական և ազգային գաղափարախոսության համատեքստում է»: Տեղական թերթերն իրենց հրապարակումներում մեջբերել են իշխող՝ Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին, որն արդարացնում էր հարձակումը:

 

Խոշտանգումները  և այլ դաժան վերաբերմունքի դրսևորումները

 


Հոկտեմբերի 3-ին, ԵԽ խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովը 2011թ. դեկտեմբերին Հայաստան կատարած այցից հետո զեկույց հրապարակեց: Փաստաթղթում նշվում էր, որ «ըստ էության՝ Հայաստան կատարած նախորդ այցից հետո ցմահ ազատազրկման դատապարտվածների ազատազրկման առնչությամբ տրված հանձնարարականներից որևէ մեկը չի կատարվել: Զեկույցում նշվում էր նաև, որ Երևանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի վատ պայմաններն այդ տարածքը ոչ պիտանի  են դարձնում երկարաժամկետ պատիժ կրելու համար: Ըստ հանձնաժողովի՝ «Կենտրոն» ՔԿՀ-ում պահվող ցմահ ազատազրկվածների պատժի կրման/ազատազրկման պայմանները «անմարդկային են»:

 



Կրոնական համոզմունքների պատճառով զինովարական ծառայությունից հրաժարվածները



 Հաշվետու ժամանակահատվածի ավարտին ավելի քան 30 մարդ իր պատիժն էր կրում բանտերում՝ կրոնական համոզմունքների հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից հրաժարվելու պատճառով: Այլընտրանքային քաղաքացիական ծառայությունը շարունակում է մնալ զինվորական վերահսկողության ներքո: Նոյեմբերի 27-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կրոնական համոզմունքների հիմքով զինվորական ծառայությունից հրաժարված անձանց վերաբերյալ Հայաստանի դեմ վճիռ կայացրեց, որում նշվում էր, որ «Խաչատրյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործի շրջանակում խախտվել է 17 Եհովայի վկաների իրավունքները (2004 թվականին 17 Եհովայի վկաներ դիմել էին իշխանություններին՝ խնդրելով իրենց նկատմամբ կիրառել այլընտրանքային ծառայության մասին օրենքը՝ հաշվի առնելով իրենց կրոնական համոզմունքները, որոնց համաձայն՝ իրենք չեն կարող զենք կրել-Tert.am): Դատարանը վճռել էր, որ խախտվել է Եհովայի վկաների ազատության և անվտանգության իրավունքները, ինչպես նաև ապօրինի կալանավորման համար փոխհատուցում ստանալու իրավունքը: Եհովայի վկաները քրեական պատասխանատվության են ենթարկվել և ազատազրկվել են, երբ հրաժարվել են զինվորական վերահսկողության ներքո այլընտրանքային ծառայություն անցնելուց:

 

 

 

Զեկույցի հաշվետու ժամանակահատվածը 2012թ-ն է