Քաղաքացիների մեջքի հետևում չենք հանդուրժելու ոչ մի որոշում. ԱԺ-ի դիմաց բողոքի ցույց է (ուղիղ, լուսանկարներ, տարբերակ 4)
Մինչ այսօր ժամը 18։30-ին Ազգային ժողովում փակ ռեժիմով կքննարկվի գազի սակագնի հնարավոր բարձրացումը, որին հրավիրված են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, կառավարության անդամներ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներ, մի խումբ հասարակական կազմակերպություններ ու ակտիվիստներ բողոքի ցույց են կազմակերպել Ազգային ժողովի մուտքի մոտ:
Ցուցարարները եկել են «Քաղաքացիների մեջքի հետևում չենք հանդուրժելու ոչ մի որոշում» , «Ինչքան ուզենք, էնքան կվճարենք», «ՀՀԿ+ «ՀայՌուսգազարդ» = գենոցիդ» և այլ կարգախոսներով:
Ցույցի կազմակերպիչներից Անի Կուրղինյանը նշեց, որ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի ներկայությունը ԱԺ-ում արդեն իսկ օրինական չէ, քանի որ «ՀայՌուսԳազարդի» հայցը գտնվում է հանձնաժողովի վարույթում, և այս պարագայում նա որևէ մեկի հետ հանդիպելու իրավասություն չունի:
18։14
Կասկածում եմ, թե գազի գինը կբարձրանա 24 դրամով. բնապահպան
Tert.am-ի հետ զրույցում բնապահպան Սիլվա Ադամյանը հայտնեց, որ խիստ կասկածում է, թե գազի սակագինը կբարձրանա 24 դրամով, վստահ է, որ կբարձրանա հենց 67%-ով, ինչի մասին հայտարարել էր «ՀայՌուսգազարդը»:
Դիմելով, «ՀայՌուսԳազարդի» տնօրեն Վարդան Հարությունյանին, Սիլվա Ադամյանը հիշեցրեց, որ մեկ տարի առաջ ընկերությունում կրճատումներ եղան, այն դեպքում, երբ հիմա գազի սակագնի բարձրացումը պատճառաբանվում է նաև, որ ընկերության աշխատակիցների աշխատավարձերը պետք է բարձրացվեն:
Սիլվա Ադամյանն ինքը աշխատել է համակարգում և ասում է, որ դեռ այն ժամանակ բնակիչներից վարձավճարները գանձելու ժամանակ մեծ սկանդալներ ու տուրուդմփոցներ էին լինում:
Նա նաև կանխատեսեց, որ գազի սակագնի թանկացան դեպքում հատվելու են ծառեր, կտրվելու են անտառներ:
«Գյուղերում ո՞վ է բռնելու գյուղացու ձեռքը, գյուղացու, որ երեխաներ է պահում, ազգի աճը գյուղից է գալիս»,- ասաց նա։
Անդրադառնալով սպառողների շահերը պաշտպանող կազմակերպություններից մեկի կոչին, թե՝ «ազգովի բոյկոտենք ու չվճարենք գազի սակագինը», Սիլվա Ադամյանը շատ գործուն միջոց է համարում:
18։23
Ակտիվիստներից երկուսը ԱԺ ընդունարանում են, նրանց որևէ մեկը չի դիմավորել
Այժմ նախաձեռնության կազմակերպիչներից երկուսը՝ իրավապաշտպան Մերի Խաչատրյանը և Արամ Գրիգորյանը, գտնվում են ԱԺ ընդունարանում, որտեղ պետական պահպանության աշխատակիցներին տեղեկացնում են, որ ցանկանում են ներկա գտնվել 18։30-ին կայանալիք փակ քննարկմանը: ԱԺ-ից դեռ որևէ մեկը նրանց հետ չի հանդիպել:
18։52
Նախապես հայտարարված փակ քննարկումը բաց է լինելու
Մինչ ակտիվիստները խորհրդարանում էին, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը հայտնեց, որ քննարկումը բաց է և ներս հրավիրեց ակտիվիստներին ու հավատարմագրված լրագրողներին:










