Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Շվեյցարիայի դեսպանին

16:12 • 23.05.13

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Կոստանտին Օբոլենսկիի հետ, տեղեկացնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:


Հանդիպմանը վեհափառ հայրապետը շնորհակալություն է հայտնել դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտող դեսպանին` անցնող տարիների ծառայության ու հայ-շվեյցարական կապերի ամրապնդման գործում ներդրած ջանքերի համար:


Նորին սրբությունն իր խոսքում կարևորել է երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների հետագա սերտացումն ու զարգացումը, ապա անդրադարձել Շվեյցարիայի հայկական համայնքի ազգային-հոգևոր կյանքին` ի դեմս դեսպանի իր գնահատանքը հայտնելով երկրի իշխանություններին` համայնքի հանդեպ դրսևորվող հոգատար վերաբերմունքի համար:



Ամենայն հայոց կաթողիկոսը նաև գոհունակություն է հայտնել Շվեյցարիայի իշխանությունների կողմից տարածաշրջանում առկա խնդիրների նկատմամբ ցուցաբերվող ուշադրության և դրանց հաղթահարման ուղղությամբ ներդրված քայլերի առիթով:


Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված տարածաշրջանի երկրների հոգևոր առաջնորդների ջանքերին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու կողմից ծրագրվող միջոցառումներին: