7-8 դրամով կթանկանա էլեկտրաէներգիան, 24 դրամով՝ գազը. ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ

13:52 • 23.05.13

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանն այսօր կայացած քննարկման ժամանակ հայտարարեց, որ գազի և էլեկտրաէներգիայի սակագների ամբողջական վերանայման արդյունքում նախնական գնահատականներով մոտ 7-8 դրամով կթանկանա էլեկտրաէներգիան, 24 դրամով՝ գազը։ «Սկսվել է արդեն «ՀայՌուսգազարդ» ընկերության ներկայացրած հայտի ուսումնասիրությունը, սակագնի վերանայման հայտով հանձնաժողովը տեղյակ է եղել մայիսի 14–ին, իսկ որ սպասվում էր վերանայում, դուք էլ էիք տեղյակ դեռևս 2012թ.–ից»,– ասաց նա՝ հավելելով, որ նախնական գնահատականներով բնակչության համար նախատեսված սակագնի համար հիմնավորված են համարում 156 դրամը՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը։ Հիշեցնենք, որ ներկայիս սակագինը գազի համար 132 դրամ է 1 խմ-ի համար, իսկ էլեկտրաէներգիայինը՝ 30 դրամ (գիշերայինը՝ 20 դրամ)։ Այսպիսով գազը կթանկանա մոտ 18%-ով, իսկ էլեկտարէներգիան՝ մոտ 25%-ով։ 


Բանախոսի փոխանցմամբ՝ Էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման համար որպես հիմք հանդիսանում է ռուսական գազը, քանի որ էներգիայի արտադրության համար գազ է ծախսվում։ Բայց միայն դա չէ վերանայման պատճառը։ Ատոմակայանում կան որոշակի անվտանգության խնդիրներ, ինչպես նաև աշխատավարձի բարձրացման խնդիր կա, որովհետև արդեն կադրերի հոսքի խնդիր է առաջանում։ «Ամեն դեպքում, վերանայման խնդիր կար»,- ասաց նա։


Անդրադառնալով «ՀայՌուսգազարդի» շահութաբերությանը՝ Գարեգին Բաղրամյանը նշեց, որ ընկերությունն իր դրած գումարի դիմաց ստանում է 8% շահույթ, ինչը նվազագույն շահույթ է։