Վաղը կհնչի «Վերջին զանգը». հանձնարարվել է խուսափել ճոխություններից. ԿԳՆ պաշտոնյա

12:45 • 23.05.13

Վաղը՝ մայիսի 24-ին հանրապետությունում կհնչի վերջին դասի վերջին զանգը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին տեղեկացրեց ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:


Նա նշեց, որ շուրջ 30 հազ շրջանավարտներ վաղը կավարտեն ավագ դպրոցը, որից հետո՝ հունիսի 1-ից կսկսվեն ավարտական քննությունները:


«Շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին ու հույս ունեմ, որ նրանք իրենց գիտելիքները կներդնեն ի շահ մեր երկրի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ միջոցառումներ կլինեն դպրոցների դահլիճներում, դասարաններում, ինչպես նաև բակերում:


«Բոլոր դպրոցները ու դասարանները ազատ են իրենց ընտրության մեջ՝ ինչպիսի հանդիսությամբ տոնել իրենց վերջին դասը։ Սակայն հանձնարարություն է տրվել, որպեսզի միջոցառումները կազմակերպվեն դպրոցին վայել ձևով և զերծ մնան ճոխություններից»,-ասաց նա:


Նարինե Հովհաննիսյանը նշեց, որ Երևանի քաղաքապետի և ԿԳ նախարարի նախաձեռնությամբ կկազմակերպվի «Վերջին զանգի» միջոցառում Օպերայի հրապարակում՝ ժամը 20-ին:


«Մենք այդ օրը աշխատում ենք ոստիկանության հետ և նրանց ուշադրության տակ են լինելու բոլոր միջոցառումները: Վերահսկողություն է լինելու նաև մարզերում»,- ասաց նա:


Անդրադառնալով 12-րդ դասարանցիների բացակայություններին՝ Նարինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ որոշակի թվով աշակերտներ ունենալով շուրջ 200 բացակայություն, իրավունք չեն ունենա մասնակցել քննություններին: Սակայն նա կոնկրետ թիվ չկարողացավ նշել:

Նարինե Հովհաննիսյանը նաև վստահեցրեց, որ վերջին դասի հետ կապված դրամահավաքություն չի իրականացվել, իսկ ինչ էլ եղել է, ապա դրանք նախաձեռնել են աշակերտների ծնողները: