Վանաձորում կինն ինքնահրկիզման փորձ է կատարել, նախապես նաև բենզին է խմել
Այսօր վանաձորցի մի կին՝ Հասմիկ Ս.-ն, չորս անչափահաս երեխաների հետ փողոցում հայտնվելու վտանգի առաջ կանգնելով, դիմել է ծայրահեղ քայլի. փորձել է ինքնասպան լինել ինքնահրկիզման ճանապարհով: Այս մասին tert.am-ին հայտնեց վանաձորցի մի բնակիչ, ով չցանկացավ նշել իր անունը:
Հասմիկ Ս.-ին ծանր վիճակով տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները պարզել են, որ կինը նաև բենզին էր խմել: Նշենք, որ վերջինս տառապում է սուր շնչառական ասթմայով, դեպքից հետո էլ վիճակն ավելի է սրվել:
Վանաձորցի կինը 1989 թվականին ամուսնացել է Արտաշես Հ.-ի հետ և համատեղ կյանքի ընթացքում 4 երեխա է ունեցել:
1994 թվականին ամուսինը մահացել է։ Այրին ու նրա որբ երեխաները գրանցված չեն եղել ամուսնու բնակարանում ու Հասմիկի սկեսուրը որդու մահից հետո հետագայում վաճառել է բնակարանը:
Արդյունքում՝ նոր տանտերը Վանաձորի Թումանյան փողոցի իր գնած բնակարանը փորձում է վերցնել, ինչը կանխելու համար կինը դիմել է նման ծայրահեղ քայլի:
Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Մինչ քննչական բաժնի աշխատակիցները իրենց գործն են անում, բնակարանի գնորդները դիմում են ներկայացրել էլեկտրական ցանցեր ընկերություն, որպեսզի կասեցվի բնակարանի էներգամատակարարումը:
Հասմիկ Սուքիասյանի կյանքին ներկայումս վտանգ չի սպառնում:










